Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալին վանդակի մեջ պահելու համար ՀՀ-ն կվճարի 8 հազար եվրո

Հունիս 26,2012 19:18

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայքէջում այսօր հրապարակվել է հերթական դատավճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Հունիսի 5-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Կամո Փիրուզյանի հայցը, որը նա ներկայացրել էր 2007-ի հուլիսի 25-ին: Վերջինիս ներկայացուցիչները ՄԻԵԴ-ում եղել են Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Արա Ղազարյանը:

Կամո Փիրուզյանը մասնավորապես բողոքել էր, որ դատավարության ընթացքում իրեն պահել են մետաղյա ճաղավանդակի մեջ, եւ սա գնահատել էր իբրեւ նվաստացնող վերաբերմունք: Հայցադիմումում այլ պնդումներ էլ են եղել, որ 2007 թվականի փետրվարի 19-ից մարտի 12-ն իր կալանավորումն ապօրինի էր, դատարանի կողմից՝ չպատճառաբանված, ինքը հնարավորություն չի ունեցել ազատ արձակվել երաշխավորությամբ եւ այլն:

Նշենք, որ Կամո Փիրուզյանը կալանավորվել էր 2006-ի օգոստոսի 18-ին Ալավերդիում՝ զինված հարձակման կապակցությամբ. Եվ 9 ամիս տեւած դատավարության՝ 21 դատական նիստերի (վճռում անգամ նշված է, որ այդ նիստերը տեւել են 25 րոպեից մինչեւ 7 ժամ) ընթացքում պահվել էր մետաղյա ճաղավանդակում՝ իր ընտանիքի եւ ընկերների, նաեւ համաքաղաքացիների ներկայությամբ: Իսկ 2007 թվականի դեկտեմբերի 5-ին դատախազը հրաժարվել էր մեղադրանքից՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով, Լոռու մարզային դատարանը դադարեցրել էր նրա նկատմամբ վարույթը եւ Կամո Փիրուզյանն ազատ էր արձակվել:

Եվրոպական դատարանն այժմ վճռել է, որ դատավարության ընթացքում մետաղյա ճաղավանդակի մեջ պահելը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում): Ըստ ՄԻԵԴ-ի՝ խախտվել է նաեւ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), երբ նրան 2007-ի փետրվարի 19-ից մարտի 12-ը կալանավորված են պահել՝ անբավարար իրավական հիմքերով, բավարար չեն պատճառաբանել շարունակվող կալանքը, մերժել են նրա բողոքները եւ այլն:

ՄԻԵԴ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է վճարել 8 հազար եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930