Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո°րն է նրա դիրքորոշումը «Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ: Նա պատասխանեց. «Իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, գործընթացը դեռ շարունակվում է: Ինձ համար դատապարտելի է այդ երևույթը: Բայց պիտի մանրակրկիտ ուսումնասիրվեն բոլոր այն հանգամանքները, որոնց հետևանքով տեղի է ունեցել այս դեպքը: Բարձրաստիճան սպաները, ովքեր բժիշկներ էին, պայքարում էին ուրիշի կյանքը փրկելու համար, այսօր նրանցից մեկի կյանքն է վտանգված: Կարծում եմ, որ պետք է մանրագույնս քննվեն հանգամանքները, խստագույնս պատժվեն մեղավորները, քանի որ չպատժված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է նորը, յուրաքանչյուր չպատժված հանցագործ ծնում է նոր հանցագործ»:
Պարոն Մարգարյանը գերադասեց շատ չծավալվել «Հարսնաքարում» տեղի ունեցածի շուրջ և կոշտ գնահատականներ չտալ, փոխարենը սահուն անցում կատարեց դեպի լրագրողների դեմ բռնություններ: Նա չմոռացավ հպարտանալ, որ իրենց օրենսդրական բարեփոխումների շնորհիվ է նաև, որ վերջին շրջանում լրագրողների դեմ բռնությունները նվազել են:
Վերջում կրկին վերադառնալով «Հարսնաքարի» դեպքին՝ ՕԵԿ-ական պատգամավորը նշեց. «Այս դեպքում կա խուլիգանական արարք, ծեծկռտուք, որն իրականացվել է ոչ թե մեկ անձի, այլ խմբի միջոցով: Պատժաչափը բավականին խիստ է, մնում է հետևողական լինենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև