Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանին:
Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրև թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին, ովքեր մեծամասամբ 2000 դրամով «գործ էին անում» Գյումրու կայարանում գտնվող տնակային պարի դպրոցում:
Գևորգ Թադևոսյանը մինչև վերջ չխոստովանեց իր հանցագործությունը: Դատարանն այսօր վերաորակեց նրա արարքը. քանի որ Գևորգ Թադևոսյանը սկզբում բռունցքով հարվածել ու գցել էր Մարիին, նրան թվացել էր, թե երիտասարդ կինը մեռած է ու տարել էր պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ իր արածի հետքերը ծածկելու`նրա դիակը այրելու: Սակայն պարզվում է, որ Մարին ուշագնաց է եղել, ու Գևորգ Թադևոսյանը փաստացի այրել է կենդանի մարդուն: Փաստորեն, եթե նախկինում նրան մեղադրում էին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, ապա դատարանը վերաորակավորեց հոդվածը` գտնելով, որ նա ապօրինաբար կյանքից զրկել է երիտասարդ կնոջը:
Կարդացեք նաև
Ինչևէ, դատարանը ի նկատի ունենալով, որ նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, հասարակության համար խիստ վտանգավոր արարք է գործել, նախկինում դատված է եղել, 3 տարի ազատազրկման է դատապարտվել, նրան պատասխանատվության ենթարկեց քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 34 ու 104 հոդվածների առաջին մասով` սահմանելով 11 տարի ժամկետով ազատազրկում, և 109 հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով: Վերջնական պատիժ սահմանվեց 13 տարին:
Ի դեպ, ըստ վճռի, Գևորգ Թադևոսյանը թեթև աստիճանի մտավոր հետամնաց է, և դատարանը գտավ, որ նա պետք է գտնվի նյարդահոգեբանի հսկողության տակ:
Նշենք, որ 4 տարի առաջ Ալվարդ Թադևոսյանի պատճառով ազատազրկման դատապարտվեցին մի խումբ երիտասարդ տղաներ` նրա հարազատ եղբայրը, եղբոր ընկերը, նախկին ամուսինը, սկեսրայրը, որոնք նույնպես նույն տեղում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածքում, կենդանի-կենդանի այրել էին մի տղամարդու` իբրև թե Ալվարդիկի վրա աչք ունենալու համար: Իսկ մարմնավաճառ Ալվարդիկը (այդպես են նրան անվանում հարազատները), որի պատճառով այսքան մարդ է նստել, այսօր դատարանի դահլիճ մտնելով, ուրախ-ուրախ շնորհավորում էր ձեռնաշղթայված հորը` Գևորգ Թադևոսյանին, ծննդյան օրվա կապակցությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ