Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ուղերձով հանդես եկավ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Ալբանիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդմոնդ Հախինաստոն: Վերջինիս հարցեր ուղղելու պատեհ առիթից օգտվելով՝ ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակմանն ու դրա միջազգային ճանաչման խնդրին: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին ուղղված նրա հարցադրումն այս էր` Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի դեպքում ընդունել է, որ այդ երկրի կողմից անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, ու չի՞ կարծում արդյոք պարոն Հախինաստոն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւս իր անկախության միջազգային ճանաչման իրավունք ունի` կիրառելով միջազգային իրավունքի այնպիսի նորմը, ինչպիսին ազգերի ինքնորոշման իրավունքն է, եւ որպիսին կիրառվել է մասնավորապես Կոսովոյի դեպքում, որը Արդարադատության միջազգային դատարանն ընդունելի է համարել:
Ի պատասխան այս հարցադրմանը, ԵԽ նախարարների կոմիտեի ալբանացի նախագահն ասաց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԽ-ի համար գերակա խնդիր չէ, եւ որ ԵԽ-ն պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, նաեւ` որ նախարարների կոմիտեն ուշադիր հետեւում է այդ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, թե իր դիտարկմամբ, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի պատասխանը շատ կարեւոր էր երկու իմաստով. նախ` հայտարարվեց, թե ԼՂ հիմնախնդիրը ԵԽ-ի համար գերակա խնդիր չէ, եւ ԵԽ-ն պաշտպանում է ՄԽ մանդատը: Դա պատասխան էր ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելուն ուղղված Ադրբեջանի ջանքերին: Երկրորդ` դա կարեւոր դիտարկում էր այն իմաստով, որ նախարարների կոմիտեի նախագահը թեեւ շեշտեց, որ Կոսովոն այլ դեպք է, բայց նաեւ ավելացրեց, որ այո Կոսովոյի անկախությունը հռչակվել եւ հիմնված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման վրա, որը միջազգային իրավունքի շատ կարեւոր նորմ է: Ասաց նաեւ, որ` այո, Կոսովոյի անկախությունը հռչակվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքով, ու ինքը գտնում է, որ, բնականաբար, ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի կարեւորագույն նորմ է»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ