Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջին դասարանցիներին հայալեզու կրթական բովանդակությամբ համակարգիչ տրամադրելու ծրագիրը բխո՞ւմ է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հայտնի պահանջից:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում: Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր եւ այլն:
«Ես առաջին անգամ եմ լսում, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը դիմել է կուսակցություններին, առաջին անգամ եմ լսում, որ այդ նախաձեռնությունից նման առաջարկ է արվել: Իսկ կոնկրետ առաջին դասարանցիներին նման համակարգիչներ տրամադրելու, էլեկտրոնային հայալեզու բովանդակության ստեղծման ու զարգացման մասին գաղափարը ՀՀԿ ծրագրում ներդրվել է իմ առաջարկությամբ եւ նախարարության կողմից է կառավարության ծրագիր մտել: Գուցե ՀՀԿ գրասենյակ դիմել են, ամեն դեպքում ուրախ եմ, որ զուգահեռ նույն ուղղությամբ ենք մտածել»,-պատասխանեց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ