Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի ուզո՞ւմ աջակցել թմրամոլներին

Հունիս 26,2012 16:07

Հայաստանում կա մոտ  5000 ներերակային ճանապարհով թմրամիջոց օգտագործող, որոնցից 300-400-ն են դիմել նարկոլոգիական կենտրոն` բուժվելու նպատակով: Սա առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տվյալներն են: Ըստ կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցի, 2009 թվականին Հայաստանում ներդրվել է թմրամոլության բուժման մեթադոնային մեթոդը. սկզբում այդ բուժմանն էր դիմել ընդամենը 15 մարդ, իսկ այսօր, ըստ պարոն Դավիդյանցի` 160 բուժվող կա, եւ գնալով այդ թիվն աճում է:

Մեր այն հարցին, որքանով է մեթադոնային բուժումն արդյունավետ, քանի որ միջազգային պրակտիկայում կարծիք կա, որ մեթադոնային «կախվածությունն էլ», այսպես ասած` հավերժ է: Պարոն Դավիդյանցի խոսքերով` սա ամենարդյունավետ բուժման մեթոդն է. «Մարդիկ գալիս են, գրանցվում առանց խտրականության, դեղը ստանում են ջրիկ տեսքով, այլ ոչ թե հաբի, որը կարող են լեզվի անկյունում պահել, հետո տանել վաճառել եւ այլն:  Առաջին հերթին այդ մարդիկ որպես քրեական տարր չեն դիտարկվում, էլ չկա ներերակային օգտագործման մեթոդը, որը վտանգ է առաջացնում տարբեր վարակային հիվանդությունների տարածման առումով: Մարդը ընդամենը օգտագործող է, կախվածության դիագնոզով: Հետագայում կամաց-կամաց դոզան իջնում է,կան դեպքեր, որ ազատվում են, բայց, այնուամենայնիվ, մեթադոնը դա կիսասինթետիկ օփիոիդ է համարվում: Դա ռիսկային գործոն չէ, եւ ունի իր դրական էֆեկտը»:

Իսկ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանն էլ մեթադոնային բուժման արդյունավետության մասին հետեւյալ կարծիքը հայտնեց. «Նախ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման է ուղղված, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման արդյունավետ միջոց է…Մեթադոնի մեկ տարին հավասար է մեկ անգամ ներերակային օգտագործմանը»:

Պարոն Մալինցյանի ներկայացմամբ էլ`2001 թվականին նարկոլոգիական կենտրոն է դիմել 7 մարդ, 2010-ին` 350: Այսինքն, ըստ մասնագետի,  2008-ին, երբ թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվեց, թմրամոլներն ավելի ազատ սկսեցին դիմել բուժհաստատություն, եւ նրանք այլեւս քրեական հետապնդման չեն ենթարկվում. «Նրանք որակված են որպես հիվանդ»:

Մեզ հետ զրույցում պարոն Մալինցյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ դիմել են առողջապահության նախարարություն, որպեսզի թմրամոլությունից բուժվածների կամ բուժվողների համար հատուկ աշխատանքային կենտրոն բացվի, ասենք՝ հացի փուռ, որտեղ նրանք զբաղվածություն կունենան, սակայն դիմումը արձագանք չի ստացել. «Այսօր ոչ մի գործատու չի ուզում աշխատանքի վերցնել նման մարդկանց, ուստի նրանց օգնելու համար  պետք չէ խտրականություն դնել, նրանց պետք է կարեկցել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930