Տարեվերջին նախատեսվում է ավարտին հասցնել Արցախի Շահումյանի շրջանի բոլոր բնակավայրերի պատմությունը ներկայացնող հատորյակի պատրաստման աշխատանքները: Այս մասին Aravot.am-ին հայտնում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Շահումյանի պատմությունից զատ՝ գիրքը մանրամասն տեղեկություններ է պարունակելու շրջանի բոլոր պատմամշակութային հուշարձանների մասին: «Հուշարձանների ուսումնասիրման աշխատանքները կատարվել են 1980-ականներին: Չափագրվել ու լուսանկարել ենք բոլոր հուշարձանները եւ վերծանել արձանագրությունները: Տարիների ընթացքում մշակվել է հավաքված նյութը, հուշարձանների մասին տվյալները հաստատվել են նաեւ գրադարանային եւ արխիվային նյութերի համաձայն: Ընդհանուր առմամբ, հաշվառված է 250-ից ավելի հուշարձան»,-ասում է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ 700 քառակուսի կմ տարածք ընդգրկող Շահումյանի շրջանը հարուստ է բոլոր տեսակի հուշարձաններով՝ պաշտպանական, պաշտամունքային, ինժեներական եւ հնագիտական: «Ներկայումս անմխիթար վիճակում են գերեզմանների տապանաքարերը եւ խաչքարերը, ոչնչացման թիրախ են եղել հատկապես եկեղեցիները»,-եզրափակեց հուշարձանագետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ