Հարգելի պարոն նախագահ,
Ձեզ են դիմում Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչները: Երեք տարի առաջ շենքի նկուղային հարկը վաճառվել է: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով է տվյալ տարածքի սեփականատերը, սակայն կարճ ժամանակ անց շենքի նկուղում տեղի ունեցող շինարարական աշխատանքները լուրջ անհանգստության պատճառ դարձան շենքի բնակիչների համար: Բազմաթիվ բողոք-դիմումները այդպես էլ մնացին անպատասխան, և շենքի հիմքին արդեն իսկ բավականաչափ վնաս է հասցվել, որից հետո տարածքը նորից վերավաճառվեց և մոտ մեկ տարուց ավել այնտեղ ոչ մի աշխատանք չէր տարվում: Մի քանի ամիս առաջ նորից աշխուժություն նկատվեց տվյալ տարածքի շուրջ և պարզվեց, որ տարածքը նորից վերավաճառվել է: Ով է նոր սեփականատերը, նույնպես անհայտ է: Սակայն արդեն իսկ լուրջ վնաս կրած հիմքը դարձյալ ենթարկվում է քանդման անթույլատրելի աշխատանքների՝ վտանգելով շենքի սեյսմակայունությունը: Քանդման աշխատանքները կատարվում են ծայրահեղ գաղտնիության պայմաններում, հատկապես գիշերային ժամերին: Թե ինչ չափով է շենքի հիմքը քանդվում, ենթադրել են տալիս բազմաթիվ բեռնատար մեքենաները, որոնք հազիվ են կարողանում տեղափոխել քանդման աշխատանքների հետևանքով առաջացած շինարարական աղբը:
Պարոն նախագահ, դիմում ենք ուղղակիորեն Ձեզ՝ հրավիրելով Ձեր ուշադրությունը այս աղաղակող երևույթի վրա, քանի որ նման գործընթացները կարող են հանգեցնել բարոյական, նյութական, հոգեբանական ծանր հետևանքների, որի արդյունքում ՀՀ քաղաքացիների որոշակի մի զանգված կարող է խորը հիասթափություն ապրել ՀՀ պետականության, օրենսդրության և գործադիր մարմինների նկատմամբ:
Ցավով ենք նշում, որ շենքի նկուղի մի մասն արդեն իսկ վերածվել է շատ կասկածելի մի հաստատության, որի անվանումն իսկ մտածելու տեղիք է տալիս: Արդյո՞ք այն լատինական ծագում ունեցող հայտնի բառի վերծանումն է, թե տվյալ հաստատության սեփականատերը այնքան քաջատեղյակ է հայ ժողովրդի պատմությանը, որ օգտվել է Արտաշեսյան արքայատոհմի Էրատո թագուհու անունից: Եթե նույնիսկ ընդունենք, որ «Էրատո» կարաոկե ակումբի սեփականատերը այդքան հարգում է լուսահոգի թագուհուն, չենք կարծում, որ վերջինս մեծ գոհունակություն ապրեր տվյալ կասկածելի հաստատության անունը կրելու «բարձր» պատվից:
Ի լրումն ավելացնենք, որ մեր շենքի ողջ ջրամատակարարումը այժմ կախված է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից, քանի որ ջրամատակարարման պոմպը այժմ գտնվում է Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղի տնօրինության տակ:
Պարոն նախագահ, հուսով ենք՝ անհաղորդ չեք մնա մեր ահազանգին և շուտափույթ լուծում կտաք այս աղմկահարույց հարցին:
Հարգանքով՝
Սայաթ Նովա 15 շենքի բնակիչներ