Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Սեւանից ջուր բաց թողնելու` ՀՀ կառավարության որոշումը որքանո՞վ կազդի ձկնապաշարների վրա, այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում, ԳԱԱ հիդրէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասաց. «Այդպիսի շատ մեծ տատանումները, եթե կատարվում են տարվա ընթացքում, լինի դա նույնիսկ բարձրացում կամ իջեցում, դրանք բացասական են ազդում ամբողջ էկոհամակարգի վրա, իսկ դրա մեջ մի օղակը նաեւ ձուկն է: Օրինակ` իշխան ձկան վերացումը կապված էր ջրի մակարդակի իջեցման հետ: Այդ ձուկը 4 ենթատեսակ ունի, 2-ը ձվադրում էին ափամերձ գոտում, ջուրն իջեցնելուց հետո նրանց ձվադրավայրերը չորացան եւ այդ ենթատեսակները վերացան, քանակը քչացավ, մնացել է 2 տեսակ, որոնք ձվադրում են գետերում, իսկ գետերում նրանց շատ հեշտ է բռնել, այդ գետերը Դնեպր չեն, այս կողմից այն կողմ մի հատ ցանց են քաշում ու որսում»:
Մեր հարցին, թե պրակտիկան ի՞նչ է ցույց տվել, հաշվարկներ կա՞ն, որքան է նվազում ձկնապաշարը ջուրն իջնելու դեպքում, պարոն Գաբրիելյանն ասաց` պրակտիկան ցույց է տալիս, որ վերանում է, ոնց որ իշխանի դեպքում:
Կառավարությունը որոշումներ կայացնելիս մասնագետների կարծիքը հաշվի չի՞ առնում, լրագրողներից մեկի հարցին էլ Բարդուխ Գաբրիելյանը պատասխանեց, որ կոնկրետ այս դեպքում ոչ թե հաշվի չի նստում իրենց հետ, այլեւ` «Մեր կարծիքը չեն էլ հարցնում, ես Սեւանի փորձագիտական հանձնաժողովի անդամ եմ եւ ասեմ, որ անգամ ոչ միշտ են մեր կառույցին ականջ դնում»:
Կարդացեք նաև
ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի ներկայացմամբ էլ, թե տարածված այն կարծիքը, որ խեցգետինը նպաստում է ձկնատեսակների վերացմանը, ճիշտ չէ: Ըստ մասնագետի, դա ընդամենը նպատակ է հետապնդում, ավելի մեծ քանակությամբ խեցգետնի որս անելու եւ ավելի մեծ շահույթներ ստանալու. «Խեցգետնի բռնաչանչը եւ բերանային ապարատը հարմարեցված չէ ձկնկիթ որսալու համար: Հնարավոր է, որ որսի հետ նրա բերանում հայտնվի նաեւ ձկնկիթ, բայց որ նա ընտրողաբար ձկնկիթ որսա եւ պատճառ դառնա դրա վերացմանը՝ դա բացառվում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ