Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահի տեղակալը ցուցմունք տվեց

Հունիս 26,2012 15:41

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ վերսկսվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր ցուցմունք տվեց գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանը, ով կալանավորված է եւ դատական նիստերին բերվում է Անահիտի հետ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Ի դեպ, շաքարով հիվանդ, ծայրահեղ ծանր առողջական վիճակով մեկուսարանում պահվող, գրեթե կուրացած Անահիտ Գրիգորյանին ինսուլին են սրսկում դատարանում, դատական նիստն ընդմիջելով, ինչպես ամեն անգամ:

Քաղցկեղով հիվանդ, 3-րդ կարգի հաշմանդամ է նաեւ Սաթենիկ Սարգսյանը:

Նա հայտնեց, որ 1992թ-ից մինչեւ 2010թ.մայիսի 6-ն աշխատել է «Հայինկասացիայում»: Նշված օրն էլ տեղյակ է պահվել, որ հրավիրվում է հարցաքննության: Նա հիշեց գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ասածն իր մասին՝ եղել է երկրորդ պլանում:

2008թ. ձմռանից «Արուսյակ» կոոպերատիվից ստացած գումարները կանխիկացրել է: Կանխիկացման նպատակով տնօրինությունը հատկացրել է մեքենա: Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ կանխիկացրած գումարներն ամբողջությամբ տվել է Անահիտ Գրիգորյանին, իսկ դրա համար որեւէ գումար չի ստացել. «Կանխիկացրել եմ, բայց չեմ հափշտակել»:

Նա ասաց, որ աշխատել է մի քանի ձեռնարկությունների հաշվապահություններում, վարել է «Ռոսիա» տոնավաճառի 80-100 անհատ ձեռներեցների գործավարությունները: Նա տեղեկացրեց, որ «Հայինկասացիայում» ստուգումներ են եղել 2008-ին, իսկ 2009-ին պարզվել է, որ պակաս է 262 մլն.դրամ գումար:

Միայն «Ինկասացիայում» ստուգումներ են անցկացրել Կենտրոնական բանկից, հարկայինից, իրենց վերադասը՝ 26 մարդ եւ 52 աչք, ըստ ամբաստանյալի, որոնք չեն նկատել այդ ահռելի թիվը:

Սաթենիկ Սարգսյանը բերեց օրինակներ, երբ գումար է ստացել «Սաթիկ» անվան դիմաց:Ըստ նրա դա կեղծիք է, այնպես, ինչպես, կեղծիք է, երբ գտնվելով արձակուրդի մեջ դարձյալ 4 միլիոնի դրամարկղային կտրոն է դուրս գրել:

Ի դեպ, երբ ցույց տվեց ձեռագիր հաշվարկները, ասելով, թե «Աչքերս ցավում են, սեւագիրը կհանձնեմ Ձեզ», դատախազ Հարություն Հարությունյանը քմծիծաղ տվեց:

Սաթենիկ Սարգսյանն անդրադարձավ թվով 44 կտրոններին, հայտնելով, որ միայն մեկում է երեւում իր ստորագրությունը:

Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ 1 միլիարդ 400 700 դրամ արժեքով «Հայինկասացիան» ձեռք է բերել ուղղաթիռ, որի գումարն էլ դրվել է… իրենց ուսերի վրա:

Հիշեցնենք, որ «Հայինկասացիայի» պատասխանատուն՝ Վիկտոր Գրիշյանը մահացել է: Հաջորդը ցուցմունք կտա Անահիտ Գրիգորյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ-Պատկառելի տարիքի ամբաստանյալ կանայք հրաժարվեցին նկարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930