Հարց – Մեծարգո՛ պարոն Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության տեսանկյունից որո՞նք են այն մեծ խոչընդոտները, որոնք խանգարիչ հանգամանք են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Սերժ Սարգսյան – Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը մենք այլընտրանք չենք տեսնում: Բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ռազմատենչ հայտարարություններն ու չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա: Եվ պատահական չէր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ սադրանքների արդյունքում զոհվեցին երիտասարդներ, և իրավիճակը լարվեց:
Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հայտարարեցին և կոչ արեցին կողմերին, որպեսզի նրանք պահպանեն 1994թ. կնքված հրադադարի պայմանները, պահանջներն ու նաև շեշտեցին, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների հիմա վրա: Այն է՝ ուժի ու դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում և պետությունների տարածքային ամբողջականության պահպանում: Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, և որքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի և ԼՂ ժողովուրդների շահերից: Թե որո՞նք են խանգարող պատճառները, կարծում եմ վերջին ամիսների ընթացքում միջազգային հանրությունը կարողացել է դրանում համոզվել. Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական դիրքորոշում՝ խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ: Իրականության մեջ Ադրբեջանն այս երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկ՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը:
Կարդացեք նաև
Երբ մենք կարողանանք այս սկզբունքներն իրականում ընդունել, դարձնել մեր համոզմունքը, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ