Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն սահմանեց քաղբանտարկյալների չափորոշիչները

Հունիս 26,2012 15:23

Այսօր ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցը, որով սահմանվում է քաղբանտարկյալ հասկացությունը` իր չափորոշիչներով հանդերձ: Այս հարցում, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության անդամ եւ այս հանձնաժողովի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, առավել քան ակտիվ է եղել Ադրբեջանի պատվիրակությունը: Նրանք փորձել են ամեն ինչ անել այս հարցը հանձնաժողովի օրակարգից հանելու համար: «Նրանք թիմով եկել էին դա կանխելու համար, բայց ձայների շատ փոքր առավելությամբ զեկույցն ընդունվեց»,- փոխանցեց Արմեն Ռուստամյանը` մանրամասնելով, որ այդ սահմանումը կարող է թույլ տալ, համենայնդեպս նպատակը դա է, կանխելու քաղաքական հետապնդումները: Այդ չափանիշները, ըստ Ռուստամյանի, սահմանված են եղել դեռ 2001-ին, ու ժամանակին պիլոտային մի քանի դեպքերի հետ կապված կիրառվել եւ դրական արդյունք են ունեցել:
Ի դեպ, Ադրբեջանը երկար ժամանակ Շտրասսերին թույլ էլ չէր տվել զեկույց կազմելու համար Ադրբեջան այցելել եւ իրավիճակին տեղում ծանոթանալ: Բայց, այդուամենայնիվ, Շտրասսերը կարողացել էր զեկույցը կազմել եւ բերել հանձնաժողով, որի քննարկումը, փաստորեն, հենց ադրբեջանցիների «ջանքերի» շնորհիվ էլ շատ բուռն է ստացվել: «Հիմնականում երկու տեսակետ էր հնչեցվում. մեկը` պետք չէ ընդհանրապես դրանով զբաղվել, որովհետեւ դա իրավապահների գործն է, կամ այդ գործերը թող ուղարկվեն Ստրասբուրգի դատարան եւ այլն: Այդպիսի տեսակետ հայտնում էին ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ ընկած պատգամավորները, որոնք տարբեր պատճառաբանություններով ուզում էին հարցն օրակարգից հանել: Շատ ակտիվ էր, օրինակ, պարոն Չավուշօղլուն` ԽՎ նախկին նախագահը: Բայց լավ էր, որ մեծ մասը, այդ թվում` նաեւ մենք, որ այլ կարծիք ունեինք, ի վերջո, հաջողեցինք»,- ասաց Ռուստամյանը:

Հարցի առնչությամբ նա էլ էր ելույթ ունեցել եւ կարծիք էր հայտնել, թե պետք է այդ մարդուն` Շտրասսերին, շնորհակալություն հայտնել, որ ծանր պայմաններում կարողացել է իր զեկույցը ավարտին հասցնել` աշխատելով իսկապես մեծ ճնշումների տակ:

Ռուստամյանը նաեւ ասել էր, թե, ի վերջո, պետք է փաստել, որ սահմանվում են քաղբանտարկյալ հասկացության հստակ չափորոշիչներ, որոնք թեեւ կային 2001-ից ի վեր, բայց հիմա դրանք վերահաստատվեցին, եւ փաստվեց, որ այդ չափորոշիչների ավելի լավերը կամ ճշգրիտը չի գտնվել, եւ դրանք պետք է մնան ուժի մեջ:

«Խնդիրը միայն այն է, որ դա այդ չափորոշիչները պետք է իսկապես ճշգրտորեն կիրառվեն կոնկրետ դեպքերի եւ երկրների նկատմամբ: Հանձնաժողով էր բերվել նաեւ փոփոխության մի առաջարկություն, որով առաջարկվում էր այդ չափորոշիչները ահաբեկիչների նկատմամբ չկիրառել: Ես, բնականաբար, ասացի, որ այդ դեպքում կստացվի, որ Մարդու իրավունքների կոնվենցիան չպետք է կիրառվի ինչ-որ խավերի նկատմամբ, ինչը սխալ մոտեցում է: Այդ փոփոխությունն արվեց, եւ ահաբեկիչների նկատմամբ առանձին մոտեցում կիրառվեց, բայց, գոնե, այնպես եղավ, որ ազգային օրենսդրությունն ու միջազգային կոնվենցիան հարգի այդ անձանց իրավունքները եւս: Ի վերջո, զեկույցը քվեարկվեց, եւ բանաձեւը, որը հիմնական եզրակացության մասով շատ սեղմ է` հինգ կետ, ընդունվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:
Ի դեպ, այս` քաղբանտարկյալ հասկացությունը սահմանող չափորոշիչներ պարունակող զեկույցն ընդունվել է 26 «կողմ» եւ 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Հատկանշական է, որ զեկույցին «դեմ» են արտահայտվել եւ դեմ են քվեարկել ադրբեջանցիները, թուրքերն ու ռուսները: Սրանք այն երկրներն են, որոնք իրենց ներսում էլ քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներ ունեն:

Տեղի ժամանակով մոտավորապես ժամը 14-ին իրավական հանձնաժողովում քննարկվելու է Շտրասսերի երկրորդ զեկույցը, որն արդեն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանում քաղբանտարկյալներին: Ռուստամյանն այս համատեքստում եւս կարեւորեց արդեն ընդունված նախորդ զեկույցը: «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ Շտրասսերի նախորդ զեկույցը չձախողվեր, որովհետեւ երկրորդ հարցը դրանից էր բխելու: Հիմա, օրինակ, ադրբեջանցիները չեն կարող ասել` ինչի՞ հիման վրա եք հայտարարում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալ կա կամ չկա, որովհետեւ հիմա հստակ է, որ կան չափորոշիչներ, որոնց հիման վրա էլ Շտրասսերը բերում է հաջորդ զեկույցը»: Այս զեկույցի առնչությամբ էլ Ռուստամյանը կարծիք հայտնեց, թե ադրբեջանցիներն ամեն ինչ կանեն, որ հարցը տապալվի. «Նրանք բազմաթիվ ստորագրություններով մի նամակ էին տարածել, որով կոչ էին անում ավելի օբյեկտիվ գտնվել, բայց ենթատեքստն այն էր, որ զեկույցն այս տեսքով չընդունվի»:

Ռուստամյանին հարցրինք` շատ դեպքերում Հայաստանում էլ քաղբանտարկյալի սահմանումը տալիս այդ չափորոշիչները տարբեր են, եւ արդյոք ԵԽԽՎ կողմից սահմանված չափորոշիչներն ընդհանուր եզր ունեն, օրինակ, Ամնեսթի Ինթերնեյշնլի սահմանած ավելի խիստ չափորոշիչների հետ:
«Սահմանված որեւէ չափորոշիչ իդեալական չի կարող լինել, բայց դա գծում է մի շրջանակ, որով հստակություն է մտցնում գնահատման չափորոշիչներում` ի վերջո, կոնկրետ անձը կարո՞ղ է քաղբանտարկյալ համարվել, թե՞ ոչ: Բայց, միեւնույն է, այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ ամեն մի կոնկրետ դեպք կոնկրետ քննություն է պահանջում, եւ պատահական չէ, որ նման նախադեպեր եղել են: Անհատական մոտեցումը շատ կարեւոր է»,- ասաց Ռուստամյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930