Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. Գիտության ոլորտի վիճակը օրհասական է (Տեսանյութ)

Հունիս 26,2012 15:15

Բուհական ինքնավարության եւ ազատության մասին խոսելիս այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ  պետական կոչվող բուհերը պետք է տարիների ընթացքում վերափոխվեն, վերածվեն հանրային բուհերի: Փորձնական եղանակով նման մի ծրագիր արդեն իրականացվում է Հայաստանի ագրարային համալսարանում, այն ՊՈԱԿ կարգավիճակից վերածվել է  հիմնադրամի,  ինչն  ավելի մեծ ազատություններ է տալիս բուհին՝  հատկապես ֆինանսատնտեսական գործունեության, կառավարչական ֆունկցիաների, գիտելիքի առեւտրայնացման եւ այլնի առումով: Գալիք  5 տարիներին նախատեսված է նաեւ ունենալ  5 հայկական բուհ, որոնք կանցնեն  միջազգային հավատարմագրում:

Անդրադառնալով բուհերում ուսման բարձր վարձերին՝ Արմեն Աշոտյանը նշեց. «Մենք խնդիր ունենք հասկանալու. իրականում որակյալ կրթություն տալու համար՝ ո՞րն է տվյալ մասնագիտության համար ընթացիկ արժանահավատ գնագոյացման մեխանիզմը եւ խնդիր ունենք սահմանելու ուսման վարձի վերին շեմ, որպեսզի գերշահույթի, շահարկումների, սոցիալական բեռի ավելացման հարցերը լուծենք եւ կանխենք… Ամբողջ կրթական համակարգի համար մեծագույն պրոբլեմ է մնում սոցիալական շերտավորման պատճառով կրթության հասանելիության խնդիրը, որը հանրակրթության մեջ այդքան ակներեւ եւ ցցուն չէ, որովհետեւ պետությունը երաշխավորում է  անվճար կրթություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան ավելի անապահով ընտանիքից է երեխան, այնքան ավելի փոքր է հավանականությունը, թե նա կստանա բարձրագույն  կրթություն»: Նախարարը խոստացավ, որ տարաբնույթ մեխանիզմներով խրախուսվելու է նման երեխաների կրթություն ստանալու հնարավորությունը: Զուգահեռ

կվերանայվեն բուհերի ֆինանսավորման մեխանիզմները՝ գալիք 2 տարիների ընթացքում: Հատուկ ուշադրություն է դարձվելու գիտական ոլորտին, որը նախարարը օրհասական է որակում: «Գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունները չեն լինելու հաճելի, հեշտ եւ հասարակության համար միանշանակ: Ունենք գիտական համակարգ, որը որոշակի փոփոխություններով իր կառուցվածքի մեջ պահպանել է խորհրդային բնույթը»,-փաստում է նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930