Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքի «գործով» պետությունը անելիք չունի»

Հունիս 26,2012 15:12

Օրերս որոշ մտավորականների հնչեցրած այս միտքը զայրացրել է «Անտարես» գրահրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին

Այսօր Խնկո-Ապոր անվան գրադարանի նորաբաց գրախանութում «Անտարես»  գրահրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012»  մրցույթը կմեկնարկի հուլիսի 1-ից եւ կշարունակվի մինչեւ խոր աշուն:

Հիմնադրման առաջին տարում (2011թ.) «Առավոտը» տեղեկացրել էր, որ մրցույթն ստացավ ավելի քան 120 պատմվածք, որոնցից լավագույնները հրատարակվեցին առանձին ժողովածուով՝ «19 պատմվածք»:

Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ առաջին մրցույթից հետո «Անտարեսը» ծավալել է համագործակցություն Առաջին գրական գործակալության հետ, որի միջնորդությամբ պայմանագրեր են կնքվել մի շարք ժամանակակից հայ գրողների, այդ թվում՝ Արամ Պաչյանի, Հովհաննես Թեքգյոզյանի եւ ուրիշների հետ: Հարցին, թե մրցույթը ի՞նչ արդյունք տվեց եւ ի՞նչ նոր խնդիրներ առաջացրեց գրահրատարակության ոլորտում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ՝ առաջին մրցույթի ամփոփումից հետո սկսեցինք համագործակցել «Արձակին» մասնակցած ստեղծագործողների հետ: Արդյունքներից մեկն այն է, որ մեր մրցակից հրատարակչությունները նույնպես կատարեցին քայլեր մեր ոլորտում, ստեղծվեցին գրական ակումբներ եւ, որ ամենակարեւորն է՝ մինչ կայացած մրցույթը Հայաստանում ընդունված էր, որ գրողը ինքն է դիմում հրատարակչին ու վճարում գրքի լույսընծայման համար: Մենք գեղարվեստական գրականության ոլորտ ներմուծեցինք եվրոպական հետեւյալ մշակույթը, որի արդյունքում հրատարակիչն ու գրողը ստեղծում են միություն՝ երկար ճանապարհ անցնելու նպատակով: Հրատարակիչը թե ներսի եւ թե  դրսի շուկայում ինքն է  ներկայացնում  ստեղծագործողին՝ վճարելով նրան: Օրինակ, վերջերս «Արձակի» բարձրացրած դրական աղմուկի արդյունքում անձամբ մեզ այցելեց Ալեքսանդր Թոփչյանը ու նրա հետ սկսել ենք իրագործել 4 նախագիծ: Հրատարակում ենք նաեւ ժյուրիի անդամների, այդ թվում՝ Զավեն Բոյաջյանի, Վաչագան Սարգսյանի եւ մյուսների հեղինակած կամ թարգմանած գրքերը: Առաջիկայում էլ հայերեն լույս կտեսնի ժամանակին աղմուկ հանած, իսկ այսօր 50 լեզուներով թարգմանված ամերիկացի գրող Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը» վեպը եւ այլն»: Հարցին, թե ինչո՞ւ հատկապես շեշտեց պոռնոգրաֆիկ բնույթի այս ստեղծագործությունը, որը 1930-ականներին արգելված էր գրողի ծննդավայրում, պարոն Մարտիրոսյանը նախ նշեց, որ այս գիրքը ինքնակենսագրական է, որը պատմում է Միլերի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, հետո էլ հավելեց. «Միայն 1960-ականների կեսերին հիշյալ գրքի հրատարակման պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրականության չափանիշները, բացելով ազատության նոր դարագլուխ գրականության մեջ: Ի վերջո, այդ գիրքը շուրջ 80 տարի առաջ էր համարվում պոռնոգրաֆիկ, եւ ես վստահ եմ, որ հայերեն թարգմանությունը նոր հորիզոններ կբացի նաեւ հայ գրականության զարգացման համար»:

Գրքի հայաստանյան շուկայի ներկա վիճակի մասին հետաքրքրությանն էլ Ա. Մարտիրոսյանը նախ հիշեցնելով երեք օր առաջ հայաստանյան TV-ներից մեկով որոշ մտավորականների հնչեցրած այն միտքը, թե «գրքի գործով» պիտի զբաղվեն միայն գրավաճառները եւ այստեղ պետությունն անելիք չունի, ասաց. «Նույն տրամաբանությամբ հնարավոր է, որ այդ նույն մի քանի «մտավորականները» մի օր հայտարարեն, թե երկրի պաշտպանության, կրթության, գիտության եւ այլ հարցեր նույնպես պետության խնդիրը չեն: Մինչդեռ գիրքը  մշակութային-հոգեւոր արժեք լինելով, պետք է գտնվի հենց պետության վարած քաղաքականության կենտրոնում: Ամենամեծ խնդիրը, որ կա գրական շուկայում, գիրքը ընթերցողին  հասցնելն է, ինչի կապակցությամբ դեռեւս չենք տեսնում պետական քաղաքականություն, որը միտված կլիներ այս գլոբալ հարցի լուծմանը: Իսկ ինչ էլ որ արվում է՝ նման է գնացքի հետեւից վազող ուշացած ուղեւորի: Եվ ժամանակն է, որ գրողները, գրականագետները, հրատարակիչները, ընթերցողները, գրական գործակալներն իրենց  միավորումներում պատասխանատվություն կրեն իրենց վրա՝ ստեղծված վիճակի համար, գուցե ստիպելով իշխանությանը՝ քայլեր անել ընդառաջ գրքի»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս տարի Ֆրանկֆուրտում եւ Մոսկվայում կայանալիք տոնավաճառներում պատրաստվում են նաեւ անցկացնել հայ գրողների գրքերի շնորհանդեսներ:  Նա հատուկ նշեց, որ ցանկանում են այդ միջոցառումներին ներառել տարբեր ժամանակների գրողների գործեր, որպեսզի հայ գրականությունը ներկայանա իր ողջ ծաղկաբույլով: Հետաքրքրությանը, թե ժամանակակից ո՞ր գրողներին են պատրաստվում ընձեռել նման պատիվ, պարոն Մարտիրոսյանը տվեց Վանո Սիրադեղյանի, Լեւոն Խեչոյանի, Հրաչ Սարիբեկյանի, Արամ Պաչյանի եւ, իհարկե, դասականներ Թումանյանի, Չարենցի, Հրանտ Մաթեւոսյանի անունները:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930