«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հունիսի 16-ից հուլիսի 9-ը ներկայացնում է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի երրորդ փառատոնը, որին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից եւ արտերկրից:
Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ կազմակերպիչները հայտնեցին, որ փառատոնը նպատակ ունի զարգացնել ալտ եւ թավջութակ գործիքների կատարողական արվեստը: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնը բաղկացած է 8 միջոցառումից, այդ թվում՝ հանդիպումներ երաժիշտների հետ եւ պրեմիերաներ. «Բացի դաստիարակչական եւ ուսումնական գործառույթներից, փառատոնը նպատակ ունի միավորել հայ եւ աշխարհահռչակ մյուս կոմպոզիտորներին: Այս տարի փառատոնն առանձանում է նրանով, որ Կոտայքի, Շիրակի եւ Արմավիրի մարզերի երաժշտական դպրոցներից եւ ուսումնարաններից տաղանդաշատ թավջութակահարներ հանդես կգան Երեւանում»:
ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը փաստեց, որ մշակույթի նախարության աջակցությամբ դպրոցներում իրականացվող թավջութակի անվճար ուսուցումը երեխաներին մոտեցնում է այդ գործիքին. «Իսկ ալտը սպեցիֆիկ գործիք է, չափսերից ելնելով՝ այն նվագում են ուսումնարաններում եւ կոնսերվատորիայում: Գործիքների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, հատկապես մարզերում»:
ԱՄՆ-ից ժամանած կոմպոզիտոր Յակով Յակուլովը երկրորդ անգամ է Հայաստանում. «Մեկ տարի անհամբեր սպասում էի, թե երբ եմ կրկին այստեղ գալու: Փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից, որոնց մասնակցել եմ այլ երկրներում: Սա արվեստի եւ երաժշտության տոն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլեւ տարբեր երաժիշտների հնարավորություն է տալիս փոխանակվել փորձով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ