Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների շահերից, ասել է ՀՀ նախագահը

Հունիս 26,2012 14:30

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ “որքան շուտ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այնքան մենք ուրախ կլինենք”: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա հայտարարել է Երեւանում՝ հանդես գալով Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսում:

ՀՀ նախագահը շեշտել է, որ “մենք այլընտրանք չենք տեսնում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում”:

“Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում որդեգրված քաղաքականությունը, ռազմատենչ հայտարարությունները եւ չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանում: Պատահական չէր, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ սադրանքների արդյունքում զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց”,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնելով վերջերս Լոս Կաբոսում ընդունված հայտարարության մասին, որում կողմերին կոչ է արվում պահպանել 1994թ. հրադադարը եւ առաջ շարժվել Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների վրա՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է հետեւել այդ կոչին:

“Որքան շուտ կարգավորվի ԼՂ հիմնախնդիրը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդների շահերից”,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Ադրբեջանն այդ երեքից ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, բացառելով մնացած երկուսը` ուժի չկիրառումը եւ ժողովուրդների ինքնորոշումը:

“Եթե կարողանանք այս սկզբունքներն իրականում ընդունել, դարձնել մեր համոզմունքը, այդ ժամանակ խնդիրը կկարգավորվի”,- եզրափակել է ՀՀ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել