Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը հակադարձում է Հրանտ Բագրատյանին (ձայնագրություն)

Հունիս 26,2012 14:24

«Առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը օգտագործեց զանգվածային արտագաղթ տերմինը: Դա արձանագրվել է Հրանտ Բագրատյանի կառավարության տարիների համար: Մենք ունեցել ենք մեկ տարուց ավելի թոշակների, նպաստների պարտք, ունեցել ենք սարսափելի ծանր վիճակում գտնվող տնտեսություն: Սեփականաշնորհված ձեռնարկությունները իրենց հաստոցներն էին օտարում, վաճառում լոմի տեղ, որ իբր թե գոյություն ունենան, հետո սկսեցին շենքերը աղյուս առ աղյուս, պատուհան առ պատուհան վաճառել, տանիքներն էին վաճառում… գյուղատնտեսության ծանր վիճակը: Այդ ամենը արդյունք էր անմտածված, անհասկանալի հեղափոխական տնտեսական քաղաքականության»,- Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանի ղեկավարած կառավարության տարիների մասին ասաց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե Հարությունյանին վարչապետի պաշտոնից ազատել է նախագահը՝ վատ աշխատանքի համար:

Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ իրեն աշխատանքից չեն ազատել: Ինքն անձամբ է հրաժարական տվել. « 1993 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանը… Խոսրով Հարությունյանին պաշտոնանկ անել էթիկայի նորմերը խախտելու համար, որեւէ խոսք տնտեսության տապալման, կառավարության գործերի ձախողման, չկար եւ չէր էլ կարող լինել: Իմ հրաժարականի պատճառը գաղափարախոսական տարաձայնություններն էին, որ կար իմ եւ ՀՀՇ-ի քաղաքական թիմի միջեւ՝ կապված երկրի տնտեսության կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ: Նրանք ՝ որպես հեղափոխականներ, ապագայի նկատմամբ մշուշոտ պատկերացումը հիմք էին ընդունում ներկան աջ ու ձախ փոխելու, քանդելու, ես գտնում էի, որ դա ճանապարհ չէ»:

Պարոն Հարությունյանի խոսքերով, ինքը Հ. Բագրատյանի մշակած բյուջեն ներկայացնելուց հենց անմիջապես հետո է դիմել հրաժարականի. «Այն բյուջեն, որ ներկայացրել եմ՝ մշակել է Հրանտ Բագրատյանի թիմը , կառավարությունում քննարկման ժամանակ այդ բյուջեն պաշտպանություն չի ստացել, բայց ես ինքս, որպեսզի քաղաքական բանավեճը տեղափոխվի Գերագույն խորհուրդ՝ առաջարկեցի , այդուհանդերձ, բյուջեն ներկայացնել օրենսդիր մարմին: Ինքս դեմ եմ ելույթ ունեցել այդ բյուջեին, որի համար երեկոյան անվտանգության խորհրդի նիստին ինքս ասել եմ , որ հրաժարական եմ տալիս, եւ Տեր-Պետրոսյանն ասաց՝ բարի , եկեք պայմանավորվենք, որ ես պաշտոնանկ անեմ»:

Խ. Հարությունյանը համոզված է՝ եթե ինքը ձախողված կառավարություն էր ղեկավարում, ապա իր պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում իր հրաժարականի պահանջով ցույցեր կկազմակերպվեին. «Իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել է 1 միտինգ՝ նոյեմբերի 27-ին: Այն հրավիրել է ՀՀՇ-ն՝ հայտարարելու համար, որ Խոսրով Հարությունյանի կառավարությունը իրենց կառավարությունը չէ: Ինձնից հետո ստանձնել է կառավարության ղեկը Բագրատյանը ու մի քանի ամիս հետո ամբողջ հանրապետությունը պահանջում էր թե Բագրատյանի, թե Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Այն բոլոր ձախողումները, որ ունենք առ այսօր, դրանք արդյունք են 90-ականների անմիտ, չմտածված, բացարձակապես անհեռանկար տնտեսական քաղաքականության: Դրա պտուղները մենք առայսօր քաղում ենք»: Մանրամասները՝ ձայնագրությունում:VOICE036

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930