«Կրթական համակարգում փոփոխությունները ոչ մի պահ չեն դադարելու, որովհետեւ կրթական համակարգը իր առաքելության մեջ դատապարտված է սպասարկել հասարակության եւ պետության զարգացումները բոլոր ոլորտներում»,-այսօր կայացած ասուլիսում «սպառնաց» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Բայց նաեւ խոստովանեց՝ հասարակությունը մի կողմից ակնկալում է փոփոխություններ, բայց նաեւ մասամբ հոգնել է դրանցից; Չնայած սրան, նախարարի խոսքով՝ փոփոխություններն անխուսափելի են գալիք 5 տարիների ընթացքում՝ անկախ նրանից, թե ում անձով կմարմնավորի նախարարության քաղաքականությունը:
Նա առանձնացրեց կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերից մի քանիսը, որոնցից մեկն էլ երաշխավորված 9-ամյա կրթությունից պարտադիր 12-ամյային անցնելու ծրագիրն է: «Հայաստանի Հանրապետությունում հասունացել է այն պահը, որ պիտի բարձրացնենք Հայաստանի քաղաքացիների նվազագույն պարտադիր կրթական շեմը, այդ թվում մասնագիտական կրթության միջոցով: 9-րդ դասարանն ավարտելուց հետո յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է շարունակել ուսումը կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Ի դեպ, մասնագիտական կրթությունը գնալով դառնալու է առավել անվճար եւ այս ծրագրի շնորհիվ տոտալ անվճար կրթական համակարգի ենք անցնելու՝ մասնագիտական կրթության ոլորտում: Այս պահի դրությամբ, տարեկան շուրջ 4000 աշակերտ ավարտում էր 9-րդ դասարանը եւ չէր գնում որեւէ ուսումնական հաստատություն: Ակնհայտ էր, որ այդ երեխաները ապագայում հաջողության ավելի նվազ շանսեր ունեն: Ակնհայտ է, որ նրանց մի մասը մնում է փողոցում, ուշադրությունից դուրս, իսկ կրթության շարունակականության բացակայությունը իրենց չի տալիս գալիքի նկատմամբ լավատեսության հնարավորություն եւ զրկում է կյանքի ուղեգրից»,-տեղեկացրեց նախարարը:
Ծրագրերից մյուսն էլ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար համակարգիչ տրամադրելն է : «Տալու ենք համակարգիչ, որ հագեցած է լինելու հայալեզու կրթական բովանդակությամբ՝ դասագրքերով, աշխատանքային բնույթի հանձնարարականներով, խաղային ինտերակտիվ ծրագրերով: Խթանելու ենք էլեկտրոնային հայալեզու բովանդակության ստեղծումը եւ զարգացումը: Երեխաները որքան ավելի վաղ տարիքից ընտելանան համակարգչին, տեխնոլոգիաներին, այնքան ավելի մրցունակ կլինեն տեղեկատվական հասարակության պարագայում»,-ասում է Աշոտյանը:
Նա նաեւ խոստանում է, որ 2017 թվականի ավարտին կունենանք ավագ նախադպրոցական տարիքի երեխաների 90 տոկոսանոց ընդգրկում նախադպրոցական հաստատություններում, իսկ կրթական ծրագրերի մեջ իբրեւ առարկա՝ ազգային երգուպարը կներառվի: Գլոբալիզացիոն ռիսկերը բերում են ինքնության պահպանման, արմատի ու ազգային եսի խնդրին, իսկ ազգայինի կոդը, նրա ձեւակերպմամբ, դրված է հենց դարերից եկող ազգային երգերի ու պարերի շարժումների մեջ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ