Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետ. Նույնիսկ ինտերնետում կա թմրամիջոցի պատրաստման եղանակը

Հունիս 26,2012 14:02

Հայաստանում ավելի շատ տարածված են արհեստական, այսինքն՝ սինթետիկ եղանակով պատրաստված թմրամիջոցները: Այսօր թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանը:

Այսօր դեղատներում ազատ վաճառվում են դեղամիջոցներ` սեդալգին, կաֆետին եւ այլն, որոնցից կարելի է ստանալ սինթետիկ թմրամիջոց, արդյոք անհրաժեշտ չէ՞ տվյալ դեղերը միմիայն դեղատոմսով վաճառել, Aravot.am-ի հարցին ասուլիսին ներկա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեն պայքարի պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանն ասաց, որ այսօր նույնիսկ ինտերնետային կայքերում մանրամասն ներկայացված է, թե այդ դեղամիջոցների հետ բենզին եւ ինչ քանակությամբ հավելյալ այլ նյութ պետք է խառնել ու ստանալ թմրամիջոց. «Սակայն նման թմրամիջոցներն օգտագործելուց շատ կարճ ժամանակ հետո մարդու մոտ առաջանում է փտախտ, գանգրենա եւ այլն»:

Իսկ թե վերջապես ինչ պետք է արվի, որպեսզի նման դեղամիջոցները դժվար հասանելի լինեն, Գրիգորի Մալինցյանն ասաց. «Դեղերի, բժշկական տեխնոլոգիաների կենտրոնը պետք է լիազորվի առողջապահության նախարարության կողմից իրականացնել շրջայցեր դեղատներում: Մինչեւ 2001 թվականը կար նման բան. շրջայցեր էր կատարվում, պատահականորեն դեղատներ էին ընտրում եւ ստուգում: Չարաշահումները գալիս են դեղատներից, ոչ թե օրենքը կատարյալ չէ, որովհետեւ կան նաեւ դեղամիջոցներ, որ դեղատոմսով են, բայց գայթակղությունը մեծ է դեղ ներմուծողների համար, եւ նրանք, որ հանձնում են դեղատնային ցանցին, որտեղ էլ վերջնական սպառողն է գնում, այ այստեղ չարաշահումներ են լինում, որը նախարարության պատասխանատվության վրա է»:

Սակայն սա էլ լիարժեք մեթոդ չէ, ըստ պարոն Մալինցյանի՝ թմրամիջոցներից ազգին զերծ պահելու լավագույն ճանապարհը առողջ ապրելակերպի քարոզումն է. «Ցանկացած դեղ, որ վերցնես` վալոկարդինը կամ աչքի դեղը, հնարավոր է թմրամիջոց պատրաստել: Դրա համար ես կառաջարկեի կենտրոնանալ կանխարգելման վրա…ամբողջ ազգը լծվի առողջ ապրելակերպի քարոզման եւ թմրամիջոցներից զերծ պահելու կոչ անելու վրա, ազգի գենոֆոնդի փրկությունը դրանում է»:

Ասուլիսին ներկա ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ 2010 թվականին Հայաստանում հայտնաբերել են ընդհատակյա լաբորատորիա, որտեղ քիմիկ-մասնագետները ամֆետամին թմրամիջոց են պատրաստել. ոստիկանությունը լաբորատորիայից առգրավել է 60 կգ պատրաստի ամֆիտամին թմրամիջոց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930