«Քամին անհրաժեշտ է ծառի արմատներին, եթե այն ժամանակին է և փոթորիկ չէ, այն ամրացնում է ծառի արմատները: Ուստի եթե քննադատությունը իրական է, դա միայն ի նպաստ գործի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:
Նա անդրադարձավ նաև կառավարության ծրագրին՝ նշելով, որ այնտեղ առավելագույնս ամրագրված են իրենց ծրագրային դրույթները կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե°ս է պատգամավորը մեկնաբանում «Ժառանգության» այն տեսակետը՝ համաձայն որի, ծրագիրն անիրականանալի է և արժանապատվության մասին խոսքերը անհիմն են, քանի որ ընտրակաշառքով խորհրդարան մուտք գործելու պարագայում ինչպե°ս կարելի է խոսել արժանապատվությունից: Պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես ինքս ծրագիրն իրատեսական եմ համարում: Ծրագրին կյանք տալու համար պետք է գործուն օրենսդրական դաշտ: Պետք է կարողանանք մեր օրենքներով զորակցել ծրագրի կյանքի կոչելու գործում: Իսկ ինչ վերաբերում է արժանապատվությանը, ապա յուրաքանչյուր պատգամավոր իր խղճով և համոզմունքներով է շարժվում: Ես այն կարծիքին եմ, որ աշխատող պատգամավորը աշխատելու է, չաշխատողը՝ ոչ»:
Պարոն Մարգարյանը պարզաբանումներ տվեց նաև ՕԵԿ-ում վերակազմավորման, մասնավորապես վերագրանցման գործընթացների մասին: Նա բացեց փակագծերը. «Որոշ մարդկանց հեռացրել ենք կուսակցության շարքերից: Կյանքը ցույց տվեց, որ այն գործիքը չունես, որ ստուգես, թե այդ մարդն ինչ նպատակով է անդամագրվել կուսակցություն: Ուստի այդ պատճառով մեր 170 հազար կուսակիցների ընդամենը հիսուն տոկոսը մեզ ձայն տվեց ընտրություններում: Այժմ խստացրել ենք անդամագրման կարգը. երդման տեքստն ենք ուժեղացրել, մեր նվիրյալ կուսակցականների երաշխավորությունն է պետք, մեկ ամիս փորձաշրջան ենք սահմանել և այլն: Թե քանիսն են անդամագրվել, դեռ այդպիսի տվյալներ չունենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ