Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը պատկերավոր կոռուպցիայի մասին՝ 5 կաշառակեր դասախոսի գլուխ ցցերի վրա դնելը պայքարի ձեւերից մեկն է (Տեսանյութ)

Հունիս 26,2012 13:38

Մամուլի ազգային ակումբի այսօրվա հյուրն էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը խոսեց կառավարության ծրագրի կրթական մասից: Ասուլիսը սկսելուն պես, լրագրողներից մեկի աթոռը փլվեց, եւ մեր գործընկերը վայր ընկավ: «Ուրախ եմ, որ բժշկի կարիք չեղավ, կներեք, ուղղակի չհասցրի ցատկել Ձեզ բռնել»,- կատակեց  մասնագիտությամբ բժիշկ նախարարը:

Նա փաստեց, որ կառավարության ծրագիրն արդեն ընդունվել է, բայց շարունակում է մնալ մեր հասարակության քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում՝ որպես գալիք  5 տարիների Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացման հիմնական օրակարգ եւ գործողությունների ծրագիր: «ԱԺ-ում ականատեսն եք եղել՝  քննարկումները, ինչպես եւ ենթադրվում էր, քաղաքական բնույթի էին, այդ իսկ պատճառով ես հարկ համարեցի, որպեսզի այսօր անդրադառնամ կառավարության ծրագրի գիտական, կրթական ոլորտների բովանդակային խնդիրներին, որոնք լրացուցիչ պարզաբանման, ներկայացման կարիք ունեն»,- հավելեց բանախոսը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ կառավարության ծրագիրն ընդհանրապես եւ կրթության եւ գիտության ոլորտների ենթաբաժինները՝ մասնավորապես, գրվել են՝ հիմնականում հիմք ընդունելով ՀՀԿ-ի նախընտրական  ծրագիրը, Ազգային անվտանգության  ռազմավարությունը, նաեւ մանրակրկիտ ուսումնասիրվել է ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը. «Դրանց մեջ, ցավոք, կրթության ոլորտում արվող առաջարկները հիմնականում սոցիալական բնույթի էին եւ քիչ էին այն  քաղաքական ուժերը, որոնք կրթության ոլորտում առաջարկում էին բովանդակային մոտեցումներ, փոփոխություններ եւ ուշադրություն էին դարձնում կրթության կոնտենտի բարեփոխումների շարունակականությանը: Դրանցում  ավելի շատ շեշտադրումներ էին արված ականջահաճո սոցիալական տիպի խոստումների վրա: Իսկ այն ծրագիրը, որը հաստատվեց, իր կրթական բաղադրիչով, մարդակենտրոն  է, իր մեջ սինթեզել է ինչպես կրթոււթյան բովանդակության վրա դարձվող շեշտադրումները, այնպես էլ սոցիալական բնույթի է»:

Աշոտյանն ասաց, որ չի ուզում դողալ վարկանիշի եւ իմիջի վրա, ու հետո զղջալ, որ չի փոխել այն, ինչը կարելի էր փոխել. «Ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատություններից»: Կրթական բարեփոխումների ու ոլորտում կոռուպցիայի իսպառ վերացման մասով էլ պատկերավոր ասաց. «Կոռուպցիայի դեմ պայքարը այն չէ, որ առավոտյան հրապարակում տեսնեք  5 կաշառակեր դասախոսի գլուխ ցցերի վրա է…Դա պայքարի ձեւերից մեկն է ընդամենը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930