Կամ արհեստածի՞ն են, արդյոք, քննական աղմուկները
«Առավոտը» ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանին խնդրեց ամփոփել քննությունների առաջին փուլը: «Քննությունների ողջ ընթացքին հետեւեցին ԶԼՄ-ները եւ ամենօրյա լուսաբանումներով հասարակությանը փոխանցեցին քննական գործընթացների մասին գնահատականը: Ես համեստորեն կրկնում եմ արդեն իսկ հնչած գնահատականը՝ դրական, ավելացնելով, որ այն տրամաբանության մեջ է: ԳԹԿ-ն ամեն տարի քննություններից հետո անցկացնում է մեծ խորհրդակցություն, որի արդյունքում գտնվում են քննական կարգը կատարելագործելու մեխանիզմներ: Ինչպես արդեն նկատել եք, քննակարգում կատարվում են փոփոխություններ, ի դեպ, այդ քննարկումներին հաշվի են առնվում նաեւ դիմորդների խնդրանքները: Ահա այդպիսի խնդրանքի արդյունքում՝ այս տարի դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հիմնական մրցույթից հետո կարող են դիմել թափուր մնացած տեղերի համար»,-նշեց Մանուկյանը:
Ինչո՞վ են այս տարվա քննությունները տարբերվում նախորդներից:
Կարդացեք նաև
«Մենք դեռ չենք վերլուծել ամբողջ գործընթացը, եւ առանձնահատկությունների մասին խոսելով՝ պետք է կրկին ձեր դիտարկումներից մեջբերեմ. քննաշրջանն առանձնացավ նախորդ քննաշրջաններից (անցյալ տարին չհաշված) նրանով, որ բողոքարկման գործընթաց չկայացավ: Ունեցել ենք եզակի բողոքարկումներ, ինչը նաեւ այս քննական համակարգին բնորոշ է: Գրեթե բոլոր երկրներում, ուր այս համակարգով անցկացվում են քննություններ, «բողոքարկման փուլ», որպես այդպիսին, գոյություն չունի: Ինչպես գիտեք, քննասենյակում, երբ բացվում են թեստերի ծրարները, ԳԹԿ-ում նույնպես զուգահեռաբար բացվում են, եւ հրավիրված մասնագետների խումբը նույնպես աշխատում է քննական թեստի վրա: Երբ խումբը հայտնաբերում է վրիպակով առաջադրանքներ, այդ մասին տեղեկացնում է ԳԹԿ տնօրինությանը, երբ վերանայվում են առաջադրանքները, անկախ նրանից՝ դիմորդը բողոքարկել է, թե ոչ, այդ տարբերակը լուծած բոլոր դիմորդների միավորներն էլ են վերանայվում: Մի ցցուն օրինակ բերեմ. անցյալ տարի որեւէ մեկը չբողոքարկեց հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննությունից հետո, սակայն թեստի մի առաջադրանք ուսումնասիրվեց եւ բոլորի միավորները վերանայվեցին: Այս տարի քննությունները, բարեբախտաբար, կորցրեցին մինչ այդ ունեցած հասարակական հնչեղությունը, սակայն դեռեւս պահպանել են իրենց հասարակական կարեւորությունը, մանավանդ՝ կառավարությունը որդեգրել է «հեշտ ընդունվել, դժվար ավարտել» ձեւաչափը»,- նշեց մամուլի քարտուղարը:
Նրա ասելով, ԳԹԿ ղեկավարությունը քննական աղմուկները որակում է արհեստածին, հայտարարելով, որ անցյալ եւ այս տարվա քննաշրջանը փաստում են այդ ձեւակերպման ճշմարտացիությունը:
Դառնալով շտեմարանների «մասով» հնչած քննադատությանը, Գայանե Մանուկյանը նշեց. «ՀՀ կառավարությունից շտեմարաններ կազմելու հանձնարարական ստանալուց հետո ԳԹԿ-ն դիմել է բոլոր դպրոցներին, կրթության վարչություններին, բուհերի համապատասխան ամբիոններին՝ ներկայացուցչական կազմ ապահովելու համար։ Համագործակցության առաջարկ արվել է բազմաթիվ հայտնի ուսուցիչների եւ դասախոսների։ Հավելեմ, որ շտեմարանները 5000 առաջադրանքով չեն սահմանափակվելու, եւ տարեցտարի թարմացվելու են. մենք սպասում ենք մասնագետների արձագանքին ու նրանց հետ համագործակցությանը։ Իսկ մնացած հնչած «մեղադրանքների» մասով թույլ տվեք նկատել, որ յուրաքանչյուր մարդ իր խոսքերի համար պատասխանատու է: Մենք բազմիցս հայտարարել ենք թափանցիկ աշխատանքի, քննությունների արդար անցկացման մասին եւ չենք ցանկանա՝ ինչ-որ մեկը ստվերի մեր աշխատանքը։ ԳԹԿ-ն պայմանագիր է կնքում թեստեր կազմող աշխատանքային խմբի եւ մասնագետների հետ, որով վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել թեստի բովանդակությունը, այլապես պատասխանատվության կենթարկվեն։ ԳԹԿ-ն իր հերթին գաղտնի է պահում թեստ գրողների անունները։ Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ խախտվել է այդ պայմանավորվածությունը եւ ունի փաստեր, անպայման պետք է այդ ամենը ներկայացնի համապատասխան մարմիններին, քանի որ ամեն մարդ ինչպես իր արարքների, այնպես էլ իր խոսքերի համար պատասխանատվություն է կրում»։
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ