Ժամանակը փաստում է, որ բալետային ներկայացումներ կարող են իրականացնել բեմական մեծ փորձառություն ունեցող բալետի արտիստները: Եթե 18-րդ դարում Անգլիայում, Գերմանիայում, ապա Ֆրանսիայում ու Ռուսաստանում բալետային առաջին ներկայացումներն արձանագրվեցին, ապա Հայաստանում միայն 1920-30-ականներին երեւացին Վահրամ Արիստակեսյանի բեմադրած Լեո Դելիբի «Կոպելիան», Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը՝ Իլյա Արբատովի խորեոգրաֆիայով: Ազգային օպերային թատրոնում ներկայացումներ են իրականացրել ինչպես արտերկրյա (այդ թվում՝ Ե. Չանգա, Կ. Սերգեեւ, Օ. Վինոգրադով, Ն. Ռիժենկո, Մ. Մնացականյան, Յ. Գրիգորովիչ եւ այլն), այնպես էլ ժամանակին բալետային արվեստի աստղեր Մաքսիմ Մարտիրոսյանը, Վիլեն Գալստյանը, Աշոտ Ասատրյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուդոլֆ Խառատյանը: «Առավոտը» անդրադարձել է մեզ մոտ բալետային բեմադրիչների դպրոցի բացակայությանը, ներկայացնելով 1-2 արտիստների, ովքեր բեմական գործունեությանը զուգահեռ՝ առաջին քայլերն են անում բալետային ռեժիսուրայի ոլորտում: Նշենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում 8 տարի առաջ է բացվել պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետը:
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած երեկոյին Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանին բացահայտեցինք նաեւ իբրեւ բեմադրիչ: Նա Հայաստանում առաջին անգամ Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատի երաժշտությամբ 6 պարուհիներով մատուցեց խորեոգրաֆիկ պատկեր: Ռեպլիկին, արդյոք դա մեծ ռիսկ չէ՞ր, 22 տարի միայն բեմական գործունեություն ծավալած պարուհին նախ ասաց, թե ստեղծագործական ցանկացած մեծ կամ փոքր կտավի գործ հանդիսատեսին ներկայացնելը ռիսկի գործոն է պարունակում, հետո էլ հավելեց. «Ժամանակին սեփական ռեժիսուրայով իրականացրել եմ խորեոգրաֆիկ պատկերներ, սակայն, անկեղծ ասած, ռիսկ չէի անում հանդիսատեսի դատին ներկայացնել, քանի որ, անկախ մասշտաբից, պարային ներկայացումը չպետք է միայն հստակ վարժություններից բաղկացած լինի: Յուրաքանչյուր շարժումը պետք է համահունչ լինի հնչող նոտայի հետ: Մի խոսքով՝ պարը հոգու պոռթկում է»: Իսկ թե բեմադրիչի հոգին այս դեպքում ինչ էր պոռթկում՝ 1935-36թթ. գրված Օրֆի հիշյալ ստեղծագործությամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցոփ կյանքը հաճախ ծնում է հիվանդություններ՝ բառի իսկական իմաստով: Իսկ ինչո՞ւ հասնել դրան… Կարծում եմ՝ բժշկի համազգեստով 6 պարուհիները հանդիսատեսին պարզ «ասացին» դա»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին էլ, թե չի՞ պատրաստվում այս համարը դիտելու նպատակով հրավիրել հայաստանցի օլիգարխներին, Ժակլինն ասաց. «Նրանց հրավիրելու ժամանակը դեռ կգա, բայց թող մեր օլիգարխները նախ առողջ լինեն, հետո էլ մտածեն իսկական արվեստ հովանավորելու ուղղությամբ»:
Երեկոյի ընթացքում պարուհին մենապարով, դարձյալ իր ռեժիսուրայով, հանդես եկավ Է. Համբարձումյանի «Երազ» ստեղծագործության երաժշտության ներքո, որը տեղ-տեղ համեմված էր պարային ագրեսիվ էլեմենտներով: Այս մտքին ի պատասխան՝ մեր զրուցակիցը հայտնեց. «Երազները լինում են բարի ու սարսափելի: Երազներում հաճախ պայքար ես մղում չարի դեմ, ինչն էլ պարային էլեմենտներով եւ մարմնի պլաստիկայով փորձեցի փոխանցել հանդիսատեսին: Իսկ որ ամենակարեւորն է՝ ջանացի ավելի շատ բարություն սփռել դահլիճում՝ ճշմարիտ արվեստով»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ