Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը վճռել է ի վնաս Սայաթ-Նովա 33 շենքի բնակիչների

Հունիս 26,2012 13:04

Սայաթ-Նովա 33 շենքի մի խումբ բնակիչների ջանքերը՝ իրենց շենքի տանիքում կառուցված ձեղնահարկից ազատվելու, ապարդյուն անցան:

Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է՝ ինչպես որ կա ձեղնահարկը, այնպես էլ թողնել, իսկ բնակիչների հայցը մերժել՝ պատճառաբանելով, որ այն օրինական է, իսկ սեյսմակայունության հետ կապված խնդիր չկա, քանի որ «Արտգերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ն տվել է դրական փորձագիտական եզրակացություն:

Նշենք, որ շուրջ 3-4 տարի է՝ Սայաթ-Նովա 33 շենքի բնակիչները պայքարում են ձեղնահարկը ապամոնտաժելու համար: Նրանց խոսքերով՝ 1973 թվականին կառուցված իրենց շենքի սեյսմակայունությունը ստուգվել է հատուկ մեխանիզմի միջոցով, ինչը վկայել է, որ սահմանը մինչեւ 7 բալ է. «Մինչդեռ Սպիտակի երկրաշարժից հետո շենքերն առնվազն պիտի 9 բալի դիմանան: Մեր շենքի տանիքում կառուցված ձեղնահարկը ծանրաբեռնում է տանիքը՝ վատթարացնելով առանց այն էլ շենքի ոչ բարվոք սեյսմակայունությունը»:

Դատարանից նրանք պահանջել էին, որ կառույցը քանդվի, եւ տարածքում վերականգնվեն ծխնելույզներն ու օդափոխիչները: Դատարանում կառուցապատողը պատճառաբանել էր, որ իր միջոցներով տանիքի վերանորոգումից հետո տարածքը վերածվել էր անտուն մարդկանց հանգրվանի, ինչի պատճառով էլ որոշել են վերածել ձեղնահարկի եւ փակել:

Մինչ դատարանի որոշումը՝ բնակիչները դիմել են դատախազություն, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, ՀՀ ոստիկանություն՝ ներկայացնելով ապացույցներ, որ տանիքը վերակառուցելու վերաբերյալ շենքի բնակիչների համաձայնություն-ստորագրությունները կեղծված են: Բնակիչների պատմելով՝ «Կենտրոն» համատիրության նախագահը գերազանցելով իրեն վերապահված լիազորությունները՝ կեղծ փաստաթուղթ է տրամադրել, որն էլ կառուցապատողները ներկայացրել են Երեւանի քաղաքապետարան եւ ստացել շենքի տանիքում ձեղնահարկ կառուցելու թույլտվություն. «Այս փաստը հաստատվել է նաեւ ոստիկանությունում եւ դատախազությունում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ կեղծիքները հաստատվել են, որ բնակիչները համաձայնություն չեն տվել, եւ այդ հարցը երբեք չի քննարկվել բնակիչների ընդհանուր ժողովում: Սակայն, չգիտես ինչպես, այսօր դատարանը վճիռ կայացրեց ի վնաս բնակիչների»:

«Առավոտի» հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից նույնպես հավաստիացրել են, որ ամեն բան անելու են, որպեսզի կառույցը քանդվի, սակայն երբ վերջնական արդյունքների մասին տեղեկացրել են վերահսկողականի աշխատակիցներին, հայտնել են, որ իրենք անզոր են դատարանի որոշման առաջ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930