Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ

Հունիս 26,2012 13:04

2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան,  Գարիկ Սողոմոնյան, գտնվում են հիվանդանոցում: Վահե Ավետյանը, բժիշկների գնահատմամբ` ծայրահեղ ծանր վիճակում է, ենթարկվել է գլխուղեղի երկու վիրահատության, սակայն մինչ օրս գիտակցության չի եկել:

Ծեծի ենթարկված քաղաքացիներից երկուսի հաղորդած տվյալների համաձայն` նրանց ծեծի է ենթարկել մոտ 15 հոգի: Հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզվել է, որ դաժան ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ, սպաներ են և միայն բժշկական օգնության տրամադրման փաստի հիման վրա է հայտնի դարձել բռնության փաստը:

2012 թ. հունիսի 21-ին Ազգային ժողովի մոտ «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ իր բողոքն արտահայտող ՀՀ քաղաքացի Վադգես Գասպարիի նկատմամբ ակնհայտ ապօրինի գործողություն է իրականացրել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր, նույն քաղաքական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը ու իր թիկնապահներից մեկը, ինչը այլ կերպ, քան ցինիզմ ու անպատժելիություն անհնար է որակել, երբ առաջին բռնության դեպքի քննության ընթացքում ԱԺ պատգամավորը բռնության քայլ է իրականացնում բռնության փաստի դեմ բողոքող ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ նմանատիպ բռնության դեպքերը իրավապահ մարմինների կողմից չեն արժանացել պատշաճ քննության և բոլոր մեղավորները, ներառյալ` հանցագործության դրդողները ու օժանդակողները չեն բացահայտվել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարարական նախաձեռնության խմբի անդամներս, հայտարարում ենք.

1, ՀՀ քաղաքացիների հաճախացած դաժան ծեծերը հետևանք է`

ա/ իշխանություն ունեցող կամ դրա հովանավորությունը վայելող անձանց կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների կոծկման,

բ/ քաղաքական իշխանության և քաղաքական առանձին ուժերի կողմից բռնության դեպքերը ուղղակի հովանավորելու, բռնության դեպքերը չդատապարտելու վարքագծի:

2. Տեղի ունեցածը ակնհայտ մարտահրավեր է ամբողջ հասարակությանը, իրավական համակարգին, քաղաքացուն:

3. Մենք, դատապարտելով բռնություն կատարած անձանց գործողությունները, գտնում ենք, որ նրանց մոտ առկա է եղել վստահությունն իրենց անպատժելիության մեջ: Ուստի սույն միջադեպի պատասխանատվությունն ընկնում է նաև ողջ քաղաքական իշխանության և մասնավորապես այդ իշխանության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի, նաև` Սամվել Ալեքսանյանին վրա, որոնց հովանու ներքո անպատժելի գործել ու գործում են բռնություն գործադրած անձինք:

4. ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պարտավոր են վերաբերմունք արտահայտել դեպքի վերաբերյալ` դատապարտելով իրավազանցությունն ու բռնության մշակույթը։

5. «Հարսնաքարի» դաժան միջադեպը, քաղաքացի Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցածը բավարար հիմք են`իշխող կուսակցության պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին ու Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ու մանդատից զրկելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը` պատկան մարմիններից պահանջում ենք`

ա. քրեական գործի քննությունն անցկացնել ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան,

բ, դադարեցնել հանցագործության իրական պատկերի կործկման, պարտակման, խեղաթյուրման ակնհայտ փորձերը,

գ. հանրությանը պարբերաբար զեկուցել դեպքի քննության ընթացքի մասին,

դ. իրականացնել անհրաժեշտ միջոցառումները` պարզելու համար Ռուբեն Հայրապետյանի անձի գործոնի ազդեցությունը դեպքը տեղի ունենալու, դեպքի ընթացքի ու ելքի վրա,

ե. իրականացնել անհրաժեշտ միջոցառումները` վերոնշյալ ոչ իրավաչափ գործողությունների համար Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով,

զ. ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ,

է. «Հարսնաքար»  համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան,

ը. պատասխանատվության կանչել հանցագործության մասին իմացած, տեղում ներկա եղած ու անգործություն ցուցաբերած, դաժան ծեծը կանխել կամ դադարեցնել չփորձած անձանց,

թ. պարզել և հրապարակել ոստիկանությանը ապատեղեկացրած անձի տվյալները, որը հայտնել էր, թե իբր բժիշկներն են հարձակվել «Հարսնաքար» վրա, ինչի հետևանքով գործի քննությունը սկզբնական շրջանում գտնվում էր ՊՆ ենթակայության տակ, ինչպես նաև օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչել այդ անձին,

ժ. պարզել «Հարսնաքարում»  տեսաձայնագրող սարքերի տեղակայությունը, բռնության գործադրման ակտի և դրան նախորդած ու հաջորդած շրջանի դրվագների տեսանյութերի առկայությունը, տեսանյութերի բացակայության պարագայում դրանք ոչնչացրած անձանց ինքնությունը, տեսախցիկների ոչ սարքին լինելու պարագայում դրանց անսարքության պատճառները և ժամկետները, ըստ այդմ պատասխանատվության կանչել իրեղեն ապացույցները վերացնողներին:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբ (խումբն այս պահին ունի 1984 անդամ, հայտարարությունը քննարկվել և ընդունվել է խմբում, տարածվում է խմբի անունից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930