Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության իրական կարգից զրկել են, որ որդուն բանակ տանեն

Հունիս 26,2012 13:00

Տարիներով էպիլեպսիկ հիվանդ տիկնոջ միակ խնամողը որդին է, որին նույնիսկ վաղաժամկետ չեն զորացրում

«Էլ չեմ դիմանում, քիչ է մնում՝ գնամ հրապարակում ինքնասպան լինեմ՝ պրծնեմ: Ինչքա՞ն կարելի է մարդուն ամեն քայլափոխի ստորացնել». ՀՀ քաղաքացի Ոսկեհատ Սիմոնյանը պետական չինովնիկների երեսից է որոշել այսպիսի ծայրահեղ քայլի դիմել: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կնոջը  3-րդ կարգի հաշմանդամություն են տվել, մինչդեռ հիվանդության պատմությունն այնպիսին է, որ տիկնոջը 2-րդ կարգ է հասնում: Սա հաստատում են նաեւ նրան բուժող բժիշկները: Սակայն տիկին Ոսկեհատին զրկել են իր իրական կարգից, որպեսզի որդուն տանեն բանակ:

«Առավոտի» հետ զրույցում Ոսկեհատ Սիմոնյանը պատմեց, որ երկար տարիներ է՝ ունի էպիլեպսիա հիվանդությունը, ինչի պատճառով չի կարողանում միայնակ տանից դուրս գալ, առավել եւս՝ աշխատել, քանի որ հիվանդության նոպաները հաճախ ու շատ անսպասելի են բռնկվում: Տիկին Ոսկեհատի միակ խնամակալը որդին է՝ Նարեկը, որը ներկայումս ծառայում է հայկական բանակում: Տիկնոջ բոլոր ջանքերը, որպեսզի տղային գոնե համեմատաբար մոտ բնակավայրում ծառայության տանեն, ապարդյուն են անցել: Ոսկեհատի որդու ծառայության ժամկետի մեծ մասն անցել է, իսկ մոր վիճակն օր օրի վատթարանում է: Այսօր նա տարբեր պետական դռներն ընկած՝ խնդրում է, որ որդուն զինծառայությունից գոնե վաղաժամկետ ազատեն, սակայն նրան պարբերաբար պատասխանում են՝ դա անհնար բան է: «Այ, եթե դուք լինեիք 2-րդ կարգի հաշմանդամ, այլ ոչ թե 3-րդ, հնարավոր կլիներ Նարեկին վաղաժամկետ ազատել»,- պատասխանում են պաշտպանության նախարարությունից:

48-ամյա Ոսկեհատ Սիմոնյանը հաշմանդամության 3-րդ կարգը ստացել է նախքան որդու բանակ մեկնելը: Մինչդեռ, տիկնոջ պատմելով, փաստաթղթերը տարբեր հոգեբուժական հիմնարկներում ուսումնասիրելուց հետո մասնագետներն էլ ապշել են, թե նման ախտորոշմամբ ինչպես բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը 2-րդ կարգ չի հաստատել: Բացի այն, որ գործակալությունը 2-րդ կարգ չի տվել, նույնիսկ նշել է՝ Ոսկեհատ Սիմոնյանն ի վիճակի է աշխատել որպես խմոր հունցող՝ կարճ աշխատանքային օրով: «Ավանի հոգեբուժարանում հաշվառման եմ եւ շատ ուժեղ հոգեմետ դեղեր եմ ստանում: Բացի այդ, երակների լայնացում, օստիոխոնդրիոզ եւ սրտանոթային հիվանդություն ունեմ: Ձմռանը մի քանի օր աշխատեցի, բայց հենց աշխատանքի վայրում վատացա, ու ինձ տուն բերեցին: Ես տանից չեմ կարողանում մենակ դուրս գալ, հարեւանս մշտապես ինձ ուղեկցում է, վերջերս էլ հենց փողոցի մեջտեղում էպիլեպսիայի նոպան բռնեց, խեղճ հարեւանս խուճապի մեջ էր, չգիտեր՝ ինչպես օգնել: Իսկ տղաս ամեն ինչից տեղյակ է, սովորել է, թե նոպայի ժամանակ ինչ պետք է անի: Ես այս կյանքում որդուցս բացի՝ ոչ ոք չունեմ, միակ պահապանս է, գոնե մի քիչ շուտ ազատեն բանակից. սպասում են՝ հոգիս տամ, նո՞ր տղայիս թողնեն տուն գա: Ոչ մի բարեկամ-հարազատ չունեմ»: Ի դեպ, տիկին Ոսկեհատն «Առավոտի» խմբագրություն նույնպես հարեւանուհու ուղեկցությամբ էր եկել, որը մեզ հետ զրույցում պատմեց, որ առանց խնամակալի հնարավոր չէ նրա գոյությունը. «Ինքն այնքան հուսահատ վիճակում է, վախենում ենք՝ մի բան չպատահի, մանավանդ, որ նոպաները ցանկացած պահի կարող են բռնկվել: Գոնե տղան կողքը լիներ, տիրություն աներ»:

Տիկին Ոսկեհատի պատմելով՝ մինչ հաշմանդամության կարգը հաստատելը՝ մի լավ հարցաքննվել է, թե ինչ երեխա ունի՝ տղա՞, թե՞ աղջիկ, եւ արդյոք բանակային տարիքի՞ է եւ այլն: Եվ այն լուրերը, որ ներքին պայմանավորվածություն կա պետական ատյանների միջեւ տղա երեխա ունեցող միայնակ ծնողներին 1-ին կամ 2-րգ կարգ չնշանակել, որպեսզի պոտենցիալ զինծառայողների թվի պակասորդ չունենան, հաստատվում է հենց Ոսկեհատի եւ նրա նման շատ շատերի դեպքով:

Տիկինն այսօր յոլա է գնում ընդամենը 21 հազար դրամ հաշմանդամության թոշակով. աղքատության նպաստ էլ չեն տալիս՝ կրկին պատճառաբանելով 3-րդ կարգը. «Ասում են՝ այ, որ 2-րդ կարգ լիներ, մոտ 15 հազար դրամ էլ կստանայիր: Դիմում եմ գրում՝ մեկ-մեկ աղքատության միանվագ նպաստ եմ ստանում, բայց ախր, իմ ունեցվածքը ոչ ավելանում է, ոչ էլ առողջականս է լավանում, ինչո՞ւ մշտական նպաստ չեն ձեւակերպում: Արդեն զզվել եմ դռներն ընկնելով ու խնդրելով՝ նպաստ տան ինձ: Ասում են՝ բալերս չի հերիքում, բայց ախր, ես ծայրահեղ աղքատության մեջ եմ, կենցաղային մի նորմալ պայման էլ չունեմ, բայց մեկ է՝ ինձ աղքատ չեն համարում: Ինչքա՞ն կարելի է այս երկրում ստորացված ապրել: Ամեն քայլափոխի մարդու իրավունքները ոտնահարում են, մարդուն՝ նվաստացնում: Այլեւս ուժ չունեմ դիմանալու: Էն միակ հույսից էլ զրկում են»:

Վերջին շրջանում տիկնոջ միակ ուրախությունը զորամասի հրամանատարի նամակն է եղել, որտեղ հրամանատարը Ոսկեհատ Սիմոնյանին շնորհակալություն է հայտնել հայրենասեր ոգով որդի դաստիարակելու համար. «Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի: Նա ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը՝ անսասան կերպով տանելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները»։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930