Ռոբերտ Մարկոսյանը, ում ընկերներն ասում են նաև «Robbie Raul» 21 տարեկան է, արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է ՀՀ. Զինված ուժերում՝ որպես կրտսեր սերժանտ, բայց դա չի խանգարում նրան ունենալ բլոգ ու այնտեղ գրառումներ անել՝ անգամ ծառայության ընթացքում: Ռոբերտի խոսքով՝ բլոգը ստեղծվել է շատ հանկարծակի. «2009-ի հունվարի 12-ն էր, իմ համար ինետում նստած էի , մեկ էլ ընկերուհիներից մեկը լինկ ա ուղարկում՝ ասելով , որ իր ընկերուհիիներից մեկի էջն ա, էնտեղ բանաստեղծություններ ա գրում: Նայեցի , ուսումնասիրեցի , ասեցի՝ ինչո՞ւ չէ: Ու որոշեցի, որ կբացեմ իմ բլոգը , որ այնտեղ կգրեմ իմ կյանքի , ընկերներիս ու իմ հետ տեղի ունեցող ամեն ինչի մասին` կյանքի մասին: Անունն էլ հենց միանգամից մտքիս եկավ՝ «Lifetime Blog»: Առաջին գրառումս հենց տենց էլ կոչվեց՝ «Ի՞նչ է կյանքը»: Միաժամանակ և՛ ծառայել, և՛ բլոգ «պահել» դժվար է, բայց Ռոբերտը թե’ մեկը, և թե՛ մյուսը անում է հաճույքով: Իսկ այն հարցին, թե ո՞րն է, դժվարությունը, պատասխանում է. «Բանակն իր խնդիրներն ունի, ու լրիվ ուրիշ աշխարհ է: Վերջ ի վերջո ծառայությունը մնում ա ծառայություն ու առաջնային ա, քանի որ հայրենիքդ ես պաշտպանում, իսկ դա խաղ ու պար չի: Խնդիրը կոմունիկացիոն միջոցների բացակայության մեջ ա: Բնականաբար Բանակից չես կարա ինտերնետ մտնես , համակարգչից օգտվես ու էլի շատ բաներ: Այդքան դեռ չենք զարգացել»: Սովորաբար ասում են՝ նամակը չեն ընթերցում եթե քեզ հասցեագրված չէ, իսկ Ռոբերտը բանակից գրում է նամակներ՝ թույլատրելով կարդալ բոլորին, իհարկե դրանք չեն փոխարինում sms-ներին ու զանգերին, «sms, զանգ , այդ ամենն իր տեղն ունի , իսկ ընթերցողիս հետ կապ պահպանելը հնարավոր ա միայն նման միջոցավ: Նման պարագայում ցանկացած այլ բլոգ դատապարտված ա մոռացության մատնվելուն , իսկ ես նման բան հանդուրժել չէի կարող, քանի որ բլոգս մի ամբողջ կյանքի պատմություն է, իսկ բանակը դա իմ կյանքի մի նոր փուլ էր: Նամակ գրելու գաղափարը եկավ և իրագործվեց», – ասում է Ռոբերտը, սակայն նամակներից ու գրառումներից բացի՝ նա պարբերաբար բլոգում դնում է նաև ՀԴՄ կտրոնների «Շահող թվերը». «Դա սկսվեց նրանից , որ մի քանի անգամ բաց էինք թողել խաղարկություններն ու օրերով ընկնում ման էինք գալիս թե որտեղից կարելիա ա իմանալ: Համացանցում նման ինֆորմացիա նույնպես չկար: Այդպես մի օր որոշեցի բլոգումս դնել շահող թվերը: Տեսա, որ ոչ միայն ես եմ նման պռոբլեմի առաջ կանգնած: Հիմա արդեն ամեն ամիս դնում եմ, դա նույնպես բլոգիս յուրահատկություններից է , իսկ «Շահող Թվեր» փնտրողները քիչ չեն», – նշում է նա ու ավելացնում՝ մնում է հավատալ , որ այդ թվերը նրանց գոնե ինչ-որ մի շահում են բերում: Արդեն մի քանի օր է, ինչ Ռոբերտը արձակուրդ է եկել. հասցրել է ընկերներին տեսնել, մի քանի միջոցառումների մասնացել, բլոգի դիզայնը փոփոխել, բայց այնուամենայնիվ մի բան կա, որին ներկա չկարողացավ լինել. «Դե ոնց «BarCamp»- ից բանակ ճամփեցին ինձ, տենց էլ ուզում էի «BarCamp»- ին վերադառնալ, բայց չստացվեց, ստացվեց մի քանի օր ուշ», – ասում է նա: Բլոգում գրառումները շատ են, գրում է ֆուտբոլի, երաժշտության , ֆիլմերի , գրքերի ու վերջին շրջանում նաև բանակի մասին: Բլոգն ունի մշտական ընթերցողներ, ինչպես ասում է Ռոբերտը՝ լինում են դեպքեր, երբ մարդու հետ ծանոթանում ես իրականում, իսկ նա ասում է . «Վայ ես քո բլոգը կարդում եմ». դա մի չտեսնված զգացմունք է:
Տիգրանուհի Թասլակյան