Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորից՝ սերիալների մասին

Հունիս 26,2012 12:47

Ժամանակ առ ժամանակ մեր մտավորականները, ըստ երեւույթին, պարապ մնալով եւ որեւէ անվտանգ հարցով իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու ձգտումով որոշում են զբաղվել սերիալներով: Հեռուստասերիալների դեմ բողոքելն իսկապես «անշառ» գործ է՝ քննադատության թիրախը անորոշ է, լղոզված. ոչ պաշտոնյա է, ոչ օլիգարխ է, ոչ էլ՝ թիկնապահ ու չի կարող քեզ ֆիզիկական վնասվածքներ պատճառել:

Որքան գիտեմ՝ ընտրությունների վերաբերյալ կամ, ենթադրենք, «Հարսնաքարում» մարդկանց դաժանորեն ծեծելու մասին մտավորականները նախագահին բաց նամակներով չեն դիմում, իսկ սերիալների հարցով դա արվել է բազմիցս: Հավանաբար ակնկալվում է, որ նախագահը բռունցքը կխփի սեղանին եւ կպահանջի արգելել բոլոր սերիալները, եւ այդ դեպքում հասարակական բարոյականությունը եւ մատաղ սերունդը կփրկվեն բոլոր գայթակղություններից: Իրականում շատ անցանկալի կլիներ, եթե երկրի ղեկավարն այս ձեւով խառնվեր տվյալ խնդրին՝ դա կնշանակեր, որ մենք ապրում ենք տոտալիտար պետությունում: Հենց որ պետությունը կամ նրա ներկայացուցիչները ստանձնում են հասարակական բարոյականության պաշտպանի դերը, դրա հաջորդ քայլը Ճշմարտության նախարարության ստեղծումն է, որը պաշտպանում է ցանկացած արժեք այնպես, ինչպես իշխանությունն ու նրա չինովնիկներն են դա հասկանում:

Սերիալների մասին պարբերաբար անհանգստացող մտավորականները պնդում են, որ դրանք սխալ ուղղությամբ են տանում երիտասարդությանը, իսկ մեր հասարակության բարոյական դեգրադացիան մեծ չափով պայմանավորված է հեռուստատեսային այդ ժանրի բովանդակությամբ: Նախ՝ ինձ չի թվում, որ այսօրվա երիտասարդությունն ավելի վատն է, քան մենք. դա հասուն տարիքի մարդկանց սովորական փնթփնթոց է: Երկրորդ՝ չեմ կարծում, որ մենք հենց այս շրջանում ենք ապրում բարոյական դեգրադացիա: Հայաստանյան հասարակությունն այսօր նույնքան դեգրադացված է, որքան, ասենք, 70-ական թվականներին, երբ փոքրամասնությունն ապրում էր հոգեւոր արժեքներով, իսկ մեծամասնությունը երազում էր «24»-ի, ամառանոցի, պաշտոնի եւ «փող շինելու» մասին: Ո՞ր սերիալն էր 40 տարի առաջ մարդկանց ստիպում պահեստամասեր գողանալ գործարաններից՝ անգլիական «Ասքը՝ Ֆորսայթների մասի՞ն», թե՞ խորհրդային «Գարնան 17 ակնթարթները»:

Ասվածն ամենեւին չի նշանակում, որ ես սերիալային ժանրի երկրպագու եմ: Ճիշտ հակառակը՝ սերիալը լայն սպառման ապրանք է, որպես կանոն՝ անհամ մի ծամոն, որը գցում են մարդկանց բերանը, քանի որ որակյալ սնունդ պատրաստելը ավելի թանկ է եւ ավելի մեծ ջանքեր է պահանջում: Բայց արդյո՞ք որեւէ մեկը լրջորեն կարծում է, որ եթե հեռուստաընկերությունները հանկարծ մի օր որոշեն ցույց տալ բացառապես Ֆելինիի կամ Տարկովսկու գլուխգործոցները, դրանից մեր երիտասարդների զգալի մասը չի ձգտի իրենց վարքով, մտահորիզոնով ու բառապաշարով նմանվել օլիգարխներին, իսկ տնային տնտեսուհիներն իրենց ավելի երջանիկ կզգան: Գռեհկության եւ անճաշակության դեմ, անշուշտ, պետք է պայքարել: Բայց՝ «սեփական ուժերով», առանց նախագահին դիմելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930