Այսօր «Դեբատ» ակումբում կայացավ քննարկում` մտավորականի դերը թեմայով:
«Ես բացի ստեղծելուց կապ եմ հաստատում հասարակության հետ: Յոթերորդ տարին է՝ աշխատում եմ դպրոցում եւ իմ ուժերի սահմանում կարողանում եմ մեր մանուկներին տանել իրենց նախնիների մոտ»,- ասաց բանաստեղծ, բանահավաք Էքնա-Ալեքսանդր Էքնասեանը:
Հոգեբան Սեյրան Ամիրյանը նկատել է` մտավորականությունը մի-քիչ դուրս է մնացել հասարակական-քաղաքական դաշտից, սակայն ասում է` ժողովուրդն էլ պետք է փոխի վերաբերմունքը իրենց հանդեպ:
«Շատ մարդիկ` մեր հասարակության մեջ, ապակողմնորոշված են եւ մենք պետք է նրանց ուղղություն տանք: Սակայն չունենք շփման ձեւ: Հեռուստատեսությունը չի կազմակերպում հանդիպումներ, չի ներկայացնում մեր անցյալը»,- ասում է հոգեբանը:
Կան երկրներ, որտեղ շինություն կառուցելու կամ քանդելու համար հրավիրում են մտավորականներին ու քննարկում: Իսկ Ամիրյանի կարծիքով՝ մեզ մոտ ոչ-ոքի չեն հարցնում. «Մենք պետք է մասնակցենք ամեն ինչին ու լինենք ակտիվ: Մտավորականին չպետք է հուշեն, որ սա արա կամ մի արա, իրենք պետք է դա անեն»:
Արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ ամեն հասարակական խնդրի համար պետք է դիմենք նկարչին կամ երաժիշտին. «Մի փոքր արհեստական է, երբ խնդրի դեպքում միաձայն դիմում են նրանց: Պետք է վերաարժեվորենք այդ մտածելակերպը»:
Մելքոնյանի խոսքով, մտավորականն այսօր գտնվում է ամենածանր վիճակում:
Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի համար մտավորականը նա չէ, ով մտքեր է արտահայտում, այլ նա է, ով անձնազոհ է լինում որեւէ նպատակի համար: «Մտավորականի խոսքը խոցում է շատերին, բարձրացնում է խնդիրներ, դրա համար էլ չեն թողնում, որ դրսեւորի իրեն: Այսօր պետք է արժեւորել նրանց, հակառակ դեպքում` վերջնական կկորցնենք: Մտավորականությունը շատ բան ունի անելու»: Սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը կատարել է ուսումնասիրություն եւ հասկացել`մենք ունենք լեզվի խնդիր ու պետք է հասնել այն մակարդակին, որ ցանկացած բառ հասկանալի լինի. «Ես կարծում եմ մտավորականության ու հասարակության կապը շատ լուրջ խնդիր է»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ