Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի խորհուրդը քննարկելու է թուրքական ինքնաթիռի ոչնչացման միջադեպը

Հունիս 26,2012 12:18

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 օդանավը զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ կանցկացնի` քննարկելու Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռ ոչնչացնելու միջադեպը: 

«Ֆանտոմ» տիպի թուրքական հետախուզական ինքնաթիռը թռիչք էր կատարել Մալաթիա գավառի «Էրխաչ» ավիաբազայից հունիսի 22-ին, սակայն մեկուկես ժամ անց անհետացել էր ռադարների էկրաններից Սիրիայի հետ սահմանին` Միջերկրական ծովի տարածքում:

Սիրիան հայտարարել է, որ ինքնաթիռը խփել է իր տարածքային ջրերում, քանի որ այն խախտել էր իր օդային սահմանները:

Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ինքնաթիռը ոչնչացվել է առանց զգուշացման, միջազգային օդային տարածքում, եւ միայն դրա բեկորներն են ընկել սիրիական հատված: Դավութօղլուն նաեւ հավելել է, որ ինքնաթիռը փորձարկում էր իրենց ռադարային համակարգը եւ Սիրիայի դեմ որեւէ գործողության նպատակ չուներ:

Սիրիայի արտգործնախարար Ջիհադ Մաքդիսին հայտարարել է, որ իրենք օգտվել են իրենց իրավունքից` խփելով իրենց օդային տարածք ներխուժած անհայտ թռչող օբյեկտը, հավելելով, թե ինքնաթիռի վրայի հետքերը վկայում են, որ այն խփվել է ցամաքային զենքից, որի հասանելությունը միայն իրենց օդային տարածքում է:

Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ չնայած այս միջադեպին` իրենք հավատարիմ են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ում թեկնածությունը քննարկվում է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում, հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի խորհուրդը այսօրվա նիստի ընթացքում չի ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են սրել իրավիճակը Սիրիայի շուրջ:

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում իրենց հավաքի ժամանակ դատապարտել են Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռի ոչնչացումը: Եվրոպացի պաշտոնյաները նաեւ զսպվածության կոչ են արել երկու երկրներին:

Տաթեւիկ Լազարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930