Կարծում է ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը
– Պարոն Մալխասյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նրա նկատմամբ հարուցված քրեական գործին: Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ Վ.Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
– Տարբեր տեսակետներ կան այդ հարցի հետ կապված: Տեսակետ կա, թե դա շոու է, տեսակետ էլ կա, որ դա քաղաքական հետապնդում է: Ես պետք է ասեմ, որ ժամանակին, երբ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին էին նույն լվացքի գործով մեղադրում, Վ.Օսկանյանն ինքն էլ չի գիտակցել, որ մի օր էլ հնարավոր է` իր հետ նման բան պատահի: Երբ Ազգային ժողովի պատգամավորներին էին անձեռնմխելիությունից զրկում ու ձերբակալում, երբ զինդատախազ էին ձերբակալում, երբ հիմնադիր նախագահին էին շրջափակում, եւ եթե այսօրվա տրամաբանությամբ առաջնորդվենք, Վ.Օսկանյանը պետք է այն ժամանակ արձագանքեր այդ դեպքերին: Բոլոր քաղաքական գործիչներն էլ պիտի մտածեն, որ մի օր էլ իրենց հետ կարող է նման բան պատահել: Բայց մենք, այնուամենայնիվ, պետք է առաջ նայենք եւ առաջ շարժվենք: Իսկ քաղաքական ուժերը, կարծում եմ, որ պիտի Վ.Օսկանյանին իր տեղում թողնեն, բայց նման երեւույթները պետք է դատապարտեն: Եվ կարծում եմ, որ միահամուռ ուժերով չպիտի թույլ տան նման երեւույթները, որպեսզի մենք ժողովրդավարության զարգացման գործում կարողանանք առաջընթաց գրանցել: Կարծում եմ, որ այս առումով քաղաքական գործիչները պետք է առիթը օգտագործեն եւ իրենց հնարավորությունների սահմանում իշխանություններին թույլ չտան նման ոտնձգություն իրականացնել իրենց հակադրվող քաղաքական գործիչների, ընդդիմության ջրաղացին ջուր լցնողների նկատմամբ: Պետք է նրանց աջակցել:
– Այնուամենայնիվ, Դուք կարծում եք, որ Վ.Օսկանյանի նկատմամբ կատարվող իրադարձությունները քաղաքական հետապնդո՞ւմ են:
– Վ.Օսկանյանը վերջին ժամանակներում քննադատական հայտարարություններ էր անում, մի կողմ դնելով իր անցյալը` փորձում էր ժողովրդավարության սկզբունքներից բխող տեսակետներ արտահայտել: Միգուցե դրանք իշխանություններին դուր չեն եկել, ես չեմ կարող հիմա ասել` դրանք ինչի հետեւանք են: Բնականաբար, կրակն առանց ծուխ չի լինում, իշխանությունները կարող է ինչ-որ վտանգ զգացել են եւ փորձում են դեմն առնել: Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող մնացած քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն եւ պաշտպանեն նրան:
– ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Նիկոլը Փաշինյանը, սակայն, գտնում է, որ Վ.Օսկանյանը պետք է պատասխան տա Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող իր անցյալի համար: Նա նաեւ հայտարարել է, թե եթե Գլխավոր դատախազը Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով, ինքը կողմ կքվեարկի:
Կարդացեք նաև
– Այո, Վ.Օսկանյանն այն մարդկանցից էր, որը Մարտի 1-ի սրբագրողներից էր, այնտեղ դերակատարում ունեցել է: Ես դա ի նկատի ունեմ, որ ասում եմ, թե դա պետք է մի կողմ դնենք ու առաջ շարժվենք:
– Իսկ Մարտի 1-ի իրադարձությունների դեպքում Ձեր ասած դերակատարումն ունենալու եւ սրբագրելու համար, ի վերջո, նա չպե՞տք է պատասխանատվություն կրի:
– Մենք պետք է անընդհատ հայտարարե՞նք, որ պետք է պատասխանատվություն կրի: Բայց գոնե պետք է ազատվենք այսօրվա չարիքից, հետո նոր մտածենք, թե ով ինչի համար պետք է պատասխան տա: Եթե անընդհատ ասենք, թե պետք է պատասխանատվություն կրեն, ոչ մեկը իր ոչ մի արածի համար չի կրի, բայց այս չարիքը կմնա, ու մենք այսպես որեւէ առաջընթաց չենք ունենա:
– Այսինքն` Դուք այս դեպքում առաջարկում եք, որ ընդդիմադիր ուժերը աջակցե՞ն Վ.Օսկանյանին:
– Ես իմ տեսակետն եմ ասում, եւ կարծում եմ, որ այս պահին ճիշտ կլինի առժամանակ մոռանալ (անցյալը.- Ա.Ա.) եւ հնարավորությունների չափով թույլ չտալ հայտարարությունների պատճառով մարդկանց հետապնդել: Իսկ Վ.Օսկանյանի ճակատագիրը դաս կլինի իշխանության մեջ մնացած բոլոր գործիչների համար, որոնց մեջ եռում է անարդարության ձայնը, բայց վախենում են, որ կարժանանան Օսկանյանի, բանտարկված զինդատախազի, պատգամավորների, այն մարդկանց ճակատագրին, ովքեր հանդգնել են ճշմարտությունն ասել, եւ հայտնվել են բանտում, հայտնվել են քաղաքական հալածանքի մեջ: Կարծում եմ, որ այս առումով ճիշտ կլինի աջակցություն հայտնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ըմբոստ քաղաքական գործիչ հասկանա, որ կարող է իր տեսակետն ազատ հայտնել եւ համոզված լինել, որ համախոհներ կգտնվեն, ովքեր թույլ չեն տա, որ իշխանական այդ բիրտ ուժն իրենց հալածանքի ենթարկի կամ բանտարկի:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
168 ԺԱՄ