Հունիսի 23-ին, կեսօրին, Գյումրիում դանակահարել են մի երիտասարդի` Պետիկ Նազարյանին, որին դեպքի վայրից տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ նրա վիճակը թեթևից միջին ծանրության է, վերքերը բուժման ընթացքի մեջ են, կյանքին ընդհանրապես վտանգ չի սպառնում: Որոշ բուժաշխատողներ նույնիսկ փաստեցին, որ այս երիտասարդը հիվանդանոցի մշտական պացիենտներից է, և նմանատիպ սկանդալներով հաճախակի է հայտնվում իրենց մոտ:
Թե որտե՞ղ և ինչու՞ են դանակահարել երիտասարդին, դեռ հայտնի չէ, Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը մշտապես զբաղված է Aravot.am-ի համար, արդեն որերորդ անգամն է՝ ոստիկանապետը լսելով, որ իրեն զանգահարում են մեր լրատվամիջոցից` պատճառաբանում է, որ խիստ զբաղված է ու անմիջապես անջատում է հեռախոսը:
Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանն էլ խուսափեց պատասխանել մեր այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե դանակահարողը Գյումրու քաղաքապետի որդին է` Սպարտակը:
Ի դեպ, այսօր մեր խմբագրության էլեկտրոնային հասցեին`[email protected]ին, նամակ էր հղվել Սուսաննա Անդրևնա անունով-ազգանունով մի կնոջից, որը պնդում էր, թե քաղաքապետի որդին շաբաթ օրը` կեսօրին, բոլոր աչքի առաջ վեճի է բռնվել , հայհոյել, ծեծել , քաշքել, այնուհետ դանակահարել է մի սպորտսմենի ու իր 99-999 BMW մակնիշի մեքենայով դիմել փախուստի:
Կարդացեք նաև
Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվությունը, կա՞ն ձերբակալվածներ, Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանի խորհրդով մենք դիմեցինք ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչություն, որտեղից ի պատասխան մեր հարցի, պարզապես տեղեկացրին, որ հանգամանքները ճշտվում են, , քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մեր աղբյուրների ասելով, դանակահարվողը Գյումրիի ծաղկանոցի տերերից մեկի` Գրիշայի հորեղբոր տղան է, որը նույնպես ոսկե երիտասարդության ներկայացուցիչ է , քաղաքապետի որդու շրջապատից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ