Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ազատ քննարկումների ընթացքում Նաիրա Զոհրաբյանից քիչ անց ելույթ ունեցավ Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը: Նա նույնպես անդրադարձավ Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ գնահատելով, թե դրանք »վերածվել են լուրջ սպառնալիքի ողջ Եվրոպայում խաղաղության եւ կայունության համար», եւ անհրաժեշտ համարելով, որ ԵԽԽՎ-ն ձեռնարկի հրատապ քայլեր:
Սակայն շարունակությունը էլի նույն պնդումներն էին, թե Հայաստանը «բռնազավթել է Ադրբեջանի տարածքի» 20%-ը, եւ հրադադարի խախտումների մեջ էլ մեղադրեց Հայաստանին: «Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը թվում է իրատեսական»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց Ռաֆայել Հուսեյնովը՝ պնդելով, թե հենց մեր երկիրն է ցանկանում ռազմական գործողությունների վերսկսումը:
Նա նաեւ պնդեց, թե այս նստաշրջանի ընթացքում պետք է կազմակերպվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ ԼՂ ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ քննարկումներ, ու ԵԽ մարմինները պետք է պահանջեն հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելում:
Այս ելույթին արձագանքելով՝ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն ասաց, որ իր ժամանակացույցում փորձում է գտնել ազատ ժամանակ՝ կազմակերպելու հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, որպեսզի գտնեն լուծումներ ապահովելու ավելի ընդունելի ոճ ապագա քննարկումներում: Նա նաեւ նկատեց, թե ժամանակավոր հանձնաժողովը չի վերակազմավորվել, եւ փաստացի որոշում չի կայացվել դրա վերաձեւավորման վերաբերյալ: Ժան-Կլոդ Մինյոնը խոստացավ, թե քննարկելու է պատվիրակությունների եւ բյուրոյի հետ՝ արդյոք կարիք կա՞ր դա անելու, բայց եւ կրկին պնդեց, թե անցյալում այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն անարժեք են: