Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հայտարարությունը

Հունիս 25,2012 21:37
Խորին ափսոսանքով տեղեկացանք, որ 2012 թ. հունիսի 16-ին լույս է տեսել Փարիզում հրատարակվող «Աշխարհ» պարբերականի վերջին համարը:  Թերթը, որը  լույս էր տեսնում  1950 թվականից, վերջնականապես  փակվել է նյութական միջոցներ չունենալու պատճառով:
Սփյուռքի ցանկացած լրատվամիջոցի կորուստը հարված է ոչ միայն տվյալ երկրի համայնքի համար, այլեւ հայ մշակույթին ընդհանրապես: Առավել եւս, եթե խոսք է գնում հարուստ ավանդույթներ ունեցող հայալեզու մամուլի մասին:
Ֆրանսահայ համայնքում, որն ի դեպ աշխարհի ամենահայաշատ համայքներից մեկն է, հայկական լրատվամիջոցները ծանր ժամանակներ են ապրում. մի քանի տարի առաջ փակվեց հայալեզու «Յառաջ»-ը, այժմ` «Աշխարհը»:  Վատ է վիճակը ֆրանսալեզո Magazine France-Arménie-ում, որը ստիպված փոխել է ֆորմատը: Նյութական դժվարություններ ունի նաեւ
Nouvelles d’Arménie  ամսագիրը: Դժվար պայմաններում է գործում Ֆրանսիայում լուլս տեսնող եւ
 այս  պահին արդեն որպես հայալեզու մամուլ միակը մնացած «Նոր Յառաջը»:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը բազմիցս նշել է Սփյուռքի հայկական լրատվամիջոցներին ՀՀ պետական աջակցության ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին:
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չպետք է Սփյուռքի լրատվամիջոցները  դիտարկեն պարզապես   որպես այլ երկրում գործող մասնավոր բիզնես, որը պետք է ապրի եւ գործի զուտ շուկայի օրենքներով: Այդ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն իր վրա է վերցրել լեզվի եւ  մշակութային ինքնության պահպանման,  հայապահպանության, կրթական խնդիրների լուծման ծանր մի բեռ, աշխատում է ինքնանվիրումով, մեծամասամբ առանց որեւէ նյութական շահ հետապնդելու եւ մեծ դերակատարություն ունի Հայաստան–Սփյուռք գործակցության ամրապնդման  գործում:
Ճիշտ չի լինի պնդել, թե համազգային խնդիրների տեսանկյունից ՀՀ-ում չեն կարեւորում Սփյուռքի հետ այդ գործակցությունը: Հայաստան-Սփյուռք գործակցությունն այնքան է կարեւորվել ՀՀ-ի կողմից, որ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, որը  կոչված է ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակել և իրականացնել ՀՀ կառավարության քաղաքականությունը Հայաստանի և Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառույցների հետ գործակցության զարգացման, հայապահպանության, Սփյուռքի ներուժի հայտնաբերման, հայրենադարձության եւ այլ բնագավառներում:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը գտնում է, որ այդ քաղաքականության շրջանակներում պետք է հատուկ  մոտեցում ցուցաբերվի Սփյուռքում գործող հայկական մամուլի եւ առանձնապես հայալեզու մամուլի՝ որպես հայապահպանության հենասյուներից մեկի  նկատմամբ։ Անհրաժեշտ է այս հարցում փնտրել եւ գտնել խելամիտ լուծումներ Սփյուռքում գործող հեղինակավոր մամուլի միջոցներին նյութապես աջակցելու հարցում՝ առավել եւս, որ վերջիններս հանդիսանում են նաեւ ազգային եւ մշակութային մեծագույն արժեք: Հապաղել այս հարցում այլեւս չի կարելի:
Տիգրան Հարությունյան
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930