Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում անդրադարձավ Ադրբեջանի հարձակումներին

Հունիս 25,2012 20:26

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ազատ քննարկումների ընթացքում ելույթ ունեցավ Վեհաժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ. «Իրապես կարեւոր է, որ մենք սահմանեցինք ազատ քննարկումների այս հնարավորությունը, որը թույլ է տալիս անդրադառնալ լրջագույն եւ հրատապ խնդիրների։ Մինչ այս խորհրդարանում շատերը ջերմեռանդորեն պաշտպանում են Ադրբեջանի եւ այս Վեհաժողովի նախկին թուրք նախագահի նախաձեռնությունը՝ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով, հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում, ադրբեջանական կողմի հերթական դիվերսիայի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում։

Հունիսի 4-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ փորձել է ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան, Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր, որի արդյունքում զոհվել է երեք հայ զինծառայող, իսկ մի քանիսը վիրավորվել են։ Եւ սա արդեն որերորդ դեպքն է, երբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը, որի հետեւանքը մարդկային զոհեր են լինում։ Հունիսի 4-ին նրանք անգամ Չինարի գյուղի մանկապարտեզի վրա են կրակահերթ բացել։ Բարեբախտաբար, երեխաներին ժամանակին հասցրել են տեղափոխել ապահով տեղ։ Եվ ինչպես պատմում էր ադրբեջանական կրակահերթերի պարբերական թիրախ դարձած մանկապարտեզի տնօրենը՝ երբ սկսում են կրակահերթերը, իրենք երեխաներին տեղափոխում են հատուկ թաքստոց, միացնում են բարձր երաժշտություն, որպեսզի երեխաները չվախենան։

Հարգելի գործընկերներ, երբ մենք ամեն անգամ հավաքվում են մեր Վեհաժողովում եւ խոսում ենք մարդու իրավունքների մասին, խոսում ենք այն մասին, որ ամեն մի երեխայի կյանքը անփոխարինելի է, նույն այդ ժամանակ այս կառույցի անդամ երկիրը, անտեսելով միջազգային հանրության հորդորները՝ համառորեն շարունակում է իր ռազմատենչ քաղաքականութունը։ Ու դա զարմանալի չէ։

«Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության կազմում ապրիլ ամսին լինելով Բաքվում, ես կրկին անգամ համոզվեցի, որ ժողովրդավարություն բառը մեր հարեւանի դեպքում գործածելը առնվազն մեծ շռայլություն կլինի։ Ադրբեջանի նախագահը իրենց իսկ խորհրդարանում, հայկական պատվիրակության ներկայությամբ, մեզ անվանեց ֆաշիստներ։ Եվ գոնե ինձ համար զարմանալին այն էր, որ Եվրոպական խորհրդարանի որեւէ պատգամավոր այդպես էլ համարձակություն չունեցավ հրապարակավ պատասխանելու նման հռետորաբանությանը։ Հայկական պատվիրակությունն, իհարկե, արձագանքեց։

Որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես չեմ ցանկանում, որ մեր կառույցը վերածվի ընդամենը բարի ցանկությունների հռչակման ամբիոնի, որը որեւէ գործնական եւ կոնկրետ քայլի ընդունակ չէ։ Ես հասկանում եմ, թե ինչու են մեր ադրբեջանցի գործընկերները շահագրգիռ, որ մեր Վեհաժողովում գործի Լեռնային Ղարաբաղի հարցով անհասկանալի այդ հանձնաժողովը։ Որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղվի մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրական ողբերգությունից, երբ որեւէ հայ զինվոր, կամ սահմանին ապրող որեւէ հայ երեխա երաշխավորված չէ, որ ադրբեջանական դիրքերից արձակված հերթական գնդակը կարող է դառնալ հերթական ողբերգությունը, ինչպես եղավ այս հունիսի 4-ին։ Ես ես հասկանում եմ նաեւ, թե ինչու է ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվում շփման գծից ետ կանչել դիպուկահարներին»:

Նաիրա Զոհրաբյանի այս ելույթին արձագանքեց Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը: Եվ նրանց երկուսի ելույթներից հետո խնդրին անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ նախագահը: Այս մասին  մանրամասն՝ ավելի ուշ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930