Գյումրիում 1988թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր գոյություն ունեցող տասնյակ տնակային ավաններում դեռևս հազարավոր ընտանիքներ բնակվում են վաղուց շարքից դուրս եկած, խարխուլ և խոնավ տնակներում: Առավել անմխիթար և աղքատ վիճակում է գտնվում ավտոկայանի տնակային ավանում բնակվող անօթևան ընտանիքները:
Երկու անչափահաս երեխաների մայր Թագուհի Հովհաննիսյանը ապրում է ավտոկայանի 104/008 տնակում: Տնակը ամբողջովին շարքից դուրս է եկած և գրեթե ենթակա չէ անգամ վերանորոգման: Այս ընտանիքի հայրը արդեն 14 տարի է, ինչ մեկնել է Ռուսաստան և նրա գտնվելու վայրը կնոջը և երեխաներին հայտնի չէ, միայն կնոջ խոսքերով վերջինս Ռուսաստանում կրկին ամուսնացել է և ունի նոր ընտանիք, թեև առաջին կնոջից իրավաբանորեն ամուսնալուծված չէ: Ընտանեկան ծանր պայմանների պատճառով Թագուհուին իր որդուն՝ 16-ամյա Տիգրանին, 3 տարի առաջ ուղարկել է Շիրակի մարզի գյուղերից մեկում ապրող հարազատներից մեկի տուն: Իսկ աղջիկը՝ 17-ամյա Զոյան սովորում է գեղարվեստի ուսումնարանում: Նրանք թեև ընդգրկված են երկրաշարժի հետևանքով անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, սակայն բնակբաշխման այս փուլում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շահառու չեն ճանաչվել և հավանաբար բնակարան չեն ստանա:
«Շիրակ կենտրոն»