Սեւքարի միջնակարգ դպրոցի ուսմասվար Հասմիկ Հովսեփյանը Aravot. am -ում հրապարակված «Սեւքարեցի 4 պատանի բանակ մեկնեց առանց «ատեստատի» նյութի կապակցությամբ ներկայացրեց իր պարզաբանումները:
Ֆիզիկա առարկայի ավարտական քննությունից 6 շրջանավարտների անբավարար գնահատական ստանալու կապակցությամբ նա ասաց, որ ինքը հոգեբանական ճնշում չի գործադրել քննություն հանձնողների վրա, քննությունն ընթացել է նախարարի հրամանի ընթացակարգի համաձայն, ոչ մի աշակերտ կամ ծնող բողոք չի ներկայացրել:
17 տարվա մանկավարժական ստաժ ունեցող ուսմասվարն ասաց, որ ինքը եղել է բնագիտության քննական կենտրոնի ղեկավարը եւ ոչ թե ստուգող հանձնաժողովի ղեկավարը եւ չէր կարող ազդել քննության արդյունքների վրա :
Կարդացեք նաև
Հ. Հովսեփյանի խոսքերով՝ իրեն չեն ազատել քննական կենտրոնի ղեկավարի պարտականություններից, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարուսյա Բալասանյանի զբաղված լինելու պատճառով, վերջինիս կողմից ինքը ժամանակավորապես նշանակվել էր 12-րդ դասարանի բնագիտություն առարկայի քննական կենտրոնի ղեկավար:
Դպրոցի ուսմասվարին հարցրեցինք, թե 6 հոգու կողմից անբավարար գնահատական ստանալու երեւույթն արտառոց չէ՞, նախորդ տարիներին նման թվով շրջանավարտներ անբավարար գնահատականներ են ստացե՞լ: Հովսեփյանի վկայությամբ ՝ նախորդ տարիներին ավարտական քննություններից քիչ թվով անբավարար ստացողներ եղել են: Նա հայտնեց, այս տարի Սեւքարի դպրոցի շրջանավարտերից 11-ը մասնակցել է տարբեր առարկաների միասնական քննություններին, եւ նրանցից միայն երկուսն են դրական գնահատական ստացել:
Սա նույնպես վկայում է, որ այս դպրոցի ուսումնական գործընթացում լուրջ խնդիրներ կան: Կրթության պետական տեսչությունն այս տարի ստուգումներ կատարելով՝ պարզել է , որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում առկա են բազում եւ բազմապիսի խախտումներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ