Երեկ առավոտյան Ծովազարդ գյուղում ինքնասպանություն է գործել նույն գյուղի բնակիչ, 56-ամյա Մարտին Հակոբյանը:
Ծովազարդի գյուղապետ Արամ Կատվալյանից «Առավոտի» թղթակիցը տեղեկացավ, որ Մ. Հակոբյանը ինքնասպանությունը կատարել է տանը կից անասնագոմում` որսորդական հրացանով կրակելով որովայնին:
Մարտին Հակոբյանը վերջին երկու տարում տառապել է հոգեկան հիվանդությամբ, սակայն համագյուղացիների վկայությամբ` ոչ մի կասկածելի վարքագիծ չի ունեցել:
«Շատ հանգիստ մարդ էր, բարի, կամեցող, աշխատող: Մշտապես բուժվում էր, եւ ինքնազգացությունը վատ չի եղել»,- ինքնասպան եղած համագյուղացուն բնորոշում է Ծովազարդի գյուղապետը:
Կարդացեք նաև
Դեպքի օրը Մ. Հակոբյանը սովորականի պես սկսել է իր առօրյան, անասուններին արոտ ուղարկել, հարեւանների հետ զրուցել ու կատարել իր ամենօրյա հողագործությունը:
Նրա հարազատներն ու գյուղացիները հայտնում են, որ Մարտինը խաղաղ է եղել, ու նրա նման քայլն անհասկանալի է:
Ըստ Գավառի բժշկական կենտրոնի` դեռ չի ստացվել դատական բժշկի եզրակացությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ