Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը գնալով զարգանում է, բայց սպորտային կյանքը շարունակում է ցածր մակարդակի վրա գտնվել: Բանն այն է, որ 5000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքում մարզադպրոց՝ որպես այդպիսին չկա գործող: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ասում է, որ սպորտդպրոցի բացակայության պատճառով է, որ պրոֆեսիոնալ սպորտը քաղաքում զարգացած չէ: Միայն դպրոցականների մակարդակով են սիրողական կարգով մասնակցում այս կամ այն մարզական տարբեր միջոցառումների: Համայնքի ղեկավարը խնդրի լուծումը տեսնում է սպորտի նախարարության ենթակայության ներքո պետական մարզադպրոցի հիմնումը, քանի որ համայնքային բյուջեն հնարավորություն չունի մարզադպրոցի ծախսերը հոգալու համար: «Մենք նվազագույն շարժն արդեն արել ենք: Քաջարանում պետական սպորտդպրոց կա, որը գործում է սպորտի նախարարության ենթակայության տակ: Ժամանակին այս խնդրով դիմեցինք եւ հարցին մասնակի լուծում տվեցին. Քաջարանի մարզադպրոցում 3 հաստիք ավելացրեցին եւ այդ մասնագետները, ովքեր Քաջարանի մարզադպրոցի աշխատողներ են համարվում, Ագարակում են պարապմունքներ իրականացնում 3 մարզաձեւից` շախմատ, ըմբշամարտ եւ ծանրամարտ: Բայց դա շատ քիչ է 5000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքի երիտասարդության պահանջները բավարարելու համար», -ասում է Ագարակի քաղաքապետը:
Ըստ մեր զրուցակցի` Ագարակում կա մարզամշակութային պալատ, որը սոցներդրումների հիմնադրամի կողմից նորոգվել է եւ դահլիճն ամբողջությամբ վերանորոգված է, այնտեղ կան հանդերձարաններ, կոմունալ ամեն հարմարություններ եւ առաջարկի դեպքում պատրաստակամ են տարածքը հատկացնել մարզադպրոցին:
Ագարակում նաեւ մարզադաշտ կա, որը նորոգման կարիք ունի եւ հարկ եղած դեպքում, այն նույնպես կարող են տրամադրել մարզադպրոցին: «Խորհրդային միության փլուզումից հետո սպորտային կապը կտրվել է եւ մտավախություն կա, որ մարզադպրոց ստեղծելուց հետո նույնիսկ կադրերի դժվարություն կունենանք», – հավելում է Մխիթար Զաքարյանը եւ նշում, որ ամեն դեպքում պետք է հնարավոր ամենն անել մարզական կյանքը քաղաքում զարգացնելու համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ