Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ, Հայաստանում ընդդիմությունը ռեւանշիստական ընդդիմություն է: «Ու պատճառները պարզ են. քաղաքական գործընթացը թանկարժեք է, ու այդ գործընթացին լիարժեք կարող են մասնակցել միայն երեկվա իշխանությունները, որոնք իրենց իշխանության տարիներին թալանել են երկիրը, միայն նրանք ունեն քաղաքական փող քաղաքական գործընթացներին մասնակցելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, ՀՀ 2-րդ նախագահն էլ է իշխանություն վերադառնալու պատրաստություն տեսնում ու հնարավոր է՝ հենց այլընտրանք ներկայացող ուժի հետեւում է ու այս ընտրություններում էլ ոչ թե անձամբ, այլ իր թեկնածուն առաջադրի: Քաղաքագետը չբացառեց, որ այդ թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա, եթե ոչ 2013 թվականի, ապա հաջորդ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի՝ թեկնածություն դնելու մեծ պատրաստակամություն է նկատվում. «Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում էլ բոլորը հազարավոր խոչընդոտներ էին տեսնում , չէ՞ որ նա էլ էր զորք հանել ժողովրդի դեմ, ժողովրդին սովի բերան հասցրել, Վանոյի հանցախումբը կար Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ»:
Քաղաքագետի կարծիքով, հենց նախագահական ընտրություններին ընդառաջ Վարդան Օսկանյանի վարկանիշը գցելու նպատակով էլ իշխանությունները քաղաքական պատվեր տվեցին «Սիվիլիթաս» հիմնադրամի մասով.«Տեսեք՝ այս մարդը որտեղից է սնվում . նրան սնում են մորմոնները, նրան միլիոններով փող են տալիս անհասկանալի նպատակների համար: Արածն ինչ է, մի հատ «Սիվիլիթաս» հիմնադրամ , որը ոչ կառուցում, ոչ արտադրում է… ինչ-որ անհասկանալի քաղաքական գործընթացների է աջակցում: Սա հասարակ մարդկանց ականջին նստում է որպես կասկածելի մի բան եւ կարող է հետագա քարոզչական զարգացման դեպքում լուրջ խնդիրներ առաջացնի Օսկանյանի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ