Այսօր Գյումրու 960 անհատական տաքսու վարորդներ դարձյալ հավաքվել էին «Մայր Հայաստան» կոչվող հուշահամալիրի տարածքում` քննարկելու այն բողոք-դիմումի բովանդակությունը, որը հղելու են երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, տեղական իշխանություններին ու Շիրակի մարզից ընտրված պատգամավորներին: Տաքսու վարորդները դիմում-բողոքում մասնավորապես գրում են, որ իրենք դեմ են ծառայությունների մատուցման համար պահանջվող եռամսյակային գումարին` 168000 դրամին ու կենսաթոշակային ֆոնդի համար նախատեսված ամսական 5000 դրամին: Ըստ տաքսու վարորդների, սրանք չափազանց մեծ թվեր են քարուքանդ փողոցներում տաքսի քշող մարդկանց համար: Վարորդները նշում են, որ զիջելով կառավարությանը՝ կարող են լավագույն դեպքում ամսական 2500-3000 դրամ մուծել տեղական կամ պետական բյուջե: Ֆիքսված գումարն առաջարկում են վճարել օրական կամ շաբաթական կտրվածքով:
Նշենք, որ այս դիմում-բողոքի բովանդակության հետ ոչ բոլոր վարորդներն են համամիտ, շատերը գտնում են, որ քոռ կոպեկ չունեն վճարելու, քանի որ Գյումրու քարուքանդ փողոցների մեկ փոսն ընկնելը իրենց վրա առնվազն 60-100 հազար դրամ է նստում:
Ի դեպ, նրանց բողոքի ակցիաները շարունակվելու են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ