Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաթեւի վանական համալիրն ընդունեց «Մանանայի» ուխտավորներին (Տեսանյութ)

Հունիս 25,2012 16:31

Օրերս Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամները մասնակցեցին դեպի Տաթեւի վանական համալիր ուխտագնացությանը: Aravot.am-ի հետ զրույցում ուխտագնացության կազմակերպիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը փաստեց, որ յուրաքանչյուրի համար ուխտագնացությունն առիթ է՝ ներաշխարհը քննելու եւ նվիրական ցանկություններն Աստծուն հայտնի դարձնելու համար: «Դեպի վանքեր ու սրբատեղիներ կազմակերպվող ուխտագնացությունները մեզ հիշեցում են՝ կյանքը երկրից երկինք ուղղված երկար ճանապարհ է, որը պետք է անցնել հավատով եւ անշեղորեն: Հասնելով սարերի գագաթին ծվարած Տաթեւի վանքը՝ այն զգացողությունն ունեինք, ասես կտրվել ենք աշխարհից: Տաթեւի վանքում աստվածային շունչ է զգացվում ոչ միայն բնության գեղատեսիլ պատկերների եւ եզակի ճարտարապետության շնորհիվ, այլ հատկապես այն պատճառով, որ դարեր շարունակ այստեղ աղոթք է հնչել»,-ասաց հոգեւորականը: Նա հավելեց, որ ուխտավորները մասնակցել են կիրակնօրյա հանդիսավոր ժամերգություններին եւ շաբաթօրյա գիշերային հսկմանը:

Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամ Նորա Սարգսյանն ասաց, որ գիշերային հսկումն ազդեցիկ էր եւ խորհելու առիթ էր տալիս. «Հաջորդաբար փոխարինում էինք իրար՝ ընթերցելով սաղմոսներ: Դա մեզանում հոգեւորը հաստատելու եւ ամրապնդելու միջոց է: Առաջին անգամ ինձ այդքան մոտ զգացի Աստծուն` առանց խոչնդոտող մտքերի»:

Ուխտագնացության երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Տաթեւի վանական համալիրին՝ այցելելով Սբ. Պողոս-Պետրոս, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներ եւ Գրիգոր Տաթեւացու մատուռ-դամբարան: Տեսան նաեւ Խրիմյան Հայրիկի տնկած տանձենին եւ Xդ. սկզբին կառուցված ճոճվող «Գավազանը». ըստ ավանդույթի՝ այն սարսափեցրել է վանք արշաված սելջուկներին, ովքեր ձորից ցած են նետվել՝ գավազանը համարելով «սատանայի աշտարակ»: Հաջորդիվ ուխտավորները եղան առաջնորդարանում, ժամանակի կարեւոր կրթական կենտրոն հանդիսացող Տաթեւի համալսարանում, հացատանը, վանականների խցերում, ընթրեցին սեղանատանը եւ գիշերեցին մեծ բուխարիով սենյակում:

«Վանականների խցերի մեջ մտնելով` կարծես հասկանում ես, թե ժամանակին ինչպես են նրանք ապրել դրանցում: Առհասարակ, երիտասարդների այցելությունները վանական համալիրներ միավորում է նրանց»,-կարծում է Ավանի սուրբ Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը:

Այցի ընթացքում մասնակիցները եղան նաեւ Վայքի Սուրբ Տրդատ եւ Տաթեւ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցիներում, ինչպես նաեւ՝ բնության արտասովոր հրաշք համարվող «Սատանի կամրջում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930