Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ժողովի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին:
Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետիª հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ և օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման և վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները:
Ժողովականներն անդրադարձ կատարեցին նաև սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվեցին մի շարք կարևոր նյութեր, ինչպիսիք ենª Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և ներեկեղեցական տարբեր խնդիրներ:
Կարդացեք նաև
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ի գիտություն ընդունեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին և աղոթք բարձրացրեցին Պատրիարք Սրբազանների և երկու պատրիարքությունների միաբանների համար:
Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական, սրբադասման և ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցեցին հանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց հանձնախմբերի արձանագրած արդյունքները` հորդորելով շարունակել աշխատանքները` ի շահ և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու:
Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին կատարված օգտակար աշխատանքի և եկեղեցանպաստ ծառայության համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ