Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի փոխմարզպետը դիմել է դատախազություն

Հունիս 25,2012 15:52

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Շիրակի մարզի դատախազությունից, Գյումրու թիվ 15 դպրոցի շուրջ ստեղծված սկանդալն այժմ քննվում է Շիրակի մարզի քննչական բաժնում: Հիշեցնենք, որ այս դպրոցը ակամայից հայտնվել է 5 միլիոն 406 հազար դրամի պարտքի տակ, 60 հոգանոց կոլեկտիվը երկու ամիս շարունակ զրկվել է աշխատավարձ ստանալու իրավունքից, քանի որ այս դպրոցի հետ բացարձակապես կապ չունեցող գյումրեցի մեկ այլ մանկավարժ`Սուսաննա Մռյանը, երկրաշարժի ժամանակ ստացած աշխատանքային տրավմայի փոխհատուցումը պահանջում է հենց այս դպրոցից:

Տիկին Մռյանը երկրաշարժի ժամանակ աշխատել էր թիվ 36 դպրոցում, որտեղ, ըստ նրա, երեխաներին փրկելիս ոտքի վնասվածք է ստացել, բայց քանի որ այս դպրոցը 2003 թվականին օպտիմալացվել է թիվ 15 դպրոցի հետ, հետևաբար և դատարանը որոշել է, որ թիվ 15 դպրոցը պետք է որպես իրավահաջորդ հանդես գա ու տիկին Մռյանին փոխհատուցի:

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը գրություն է ուղարկել դատախազություն ու կառավարություն` խնդրելով ուսումնասիրել այս գործը: Պարոն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սրանով վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երկրաշարժից 25000 զոհեր կան, անթիվ հաշմանդամներ, եթե որևէ մեկը այս ձևով չի փոխհատուցվել, ապա ինչո՞ւ պիտի տիկին Մռյանը բացառություն լինի, հատկապես որ այս տիկինը հաշմանդամության համար թոշակ է ստանում պետությունից:

Նույնը կրկնում էին նաև թիվ 36 դպրոցի նախկին աշխատակիցները, ովքեր այժմ աշխատում են 15 դպրոցում. «Եթե 36 դպրոցը երկրաշարժի ժամանակ չի փլվել, մի քար չի ընկել, մի ծեփոն չի թափվել, մի թուփ չի վնասվել, հետաքրքիր է՝ տիկին Մռյանը ո՞ւմ է փրկել, այդ դպրոցի 100 տարվա ուսուցիչը, որը տուն է ճանապարհել բոլոր երեխաներին, նույնիսկ նրան այդ օրը չի տեսել, որտե՞ղ է իր ոտքը վնասել, կեղծ փաստաթղթերով մեր գրպանը մտնելը սիրուն չէ: Եթե բժշկական հանձնաժողովը գտել է, որ այս կնոջը պետք է փոխհատուցեն, ապա թող բարի լինեն ոչ թե մեր գրպանից, այլ սոցապներով ու սոցիալական ծառայություններով փոխհատուցել, կամ էս պետությունը այնքան հարո՞ւստ է, որ նույն Մռյան Սուսանին և երկրորդ կարգի հաշմանդամության թոշակ է տալիս,և փոխհատուցում մեր գրպանից: Եթե պատճառաբանում եք, Մռյան Սուսանը իր ոտքն է ջարդել՝ մենք ջարդել ենք մեր հավատը, սիրտը, ներվերը, առողջությունը, որոնք ընդհանրապես վերականգնման ենթակա չեն, բա դա ո՞վ պետք է փոխհատուցի»:

Շիրակի մարզի դատախազությունից մեզ փոխանցեցին, որ այժմ ստուգվում են տիկին Մռյանի փաստաթղթերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930