ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել էր, որ իր կարծիքով ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կսատարի Սերժ Սարգսյանին: Այս առնչությամբ ՀՀԿ մjուս փոխնախագահը` Գալուստ Սահակյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը այդպես չէր ասի. «Ես չէի շտապի այդ հարցում, որովհետեւ դեռեւս մոդելավորված չէ քաղաքական դաշտը` նախագահական ընտրությունների համար: Ցանկացածը կարող է սատարել կամ չսատարել: Դա կերեւա արդեն աշնանը, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենց տեսակետները կներկայացնեն հասարակությանը»:
«Հարսնաքարում» բժիշկների խմածության հետ կապված Ռազմիկ Զոհրաբյանի գնահատականի հետ նույնպես պարոն Սահակյանը համաձայն չէր. «Ասեմ հետեւյալը: Իրոք, այնտեղ նրանք տեղիք են տվել, բայց դա չի նշանակում, որ դա պիտի ասենք ու հետո էլ ասենք` այնքան էլ մեղավոր չեն: Լավ, եղել է` եղել է, կարելի է ամեն ինչին համարժեք պատասխանել, չէ՞: Ռուբեն Հայրապետյանը շատ մարդկանց է ազատել ու ինքը աջակցում է, որ ովքեր ծեծել են, մինչեւ վերջ պատժվեն: Իհարկե, ո՞նց կարելի է մարդուն վարկաբեկել, այդտեղ հաց ուտելու տեղ է, մեկը խմած կլինի, անվտանգությունը նրա համար է, որ ասի` ոչինչ, հանգստացնի, ասի արի մի հատ լվացվի: Եթե հաճախորդը հանցանք է կատարում, պիտի ոստիկանություն զանգի` սա է: Այսինքն` ո՞վ ուզենա, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանը, այնտեղ հաց են ուտում մարդիկ, բռնեն ծեծեն, իրեն էլ խայտառակ անեն: Ոչ ոք չի ուզենա, անհնար բան է, որ որեւէ մեկն ուզենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ