Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպառողի բողոքը մինչեւ չհասնի էկոնոմիկայի նախարարին, արձագանք չի ստանա

Հունիս 25,2012 15:36

 

Հենց այդ երկար-բարակ ընթացակարգերն էլ խոչընդոտում են, որ մեզ մոտ կայանա սպառողների իրավունքների պաշտպանության ինստիտուտը: Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում 1 միլիոն արժողությամբ ծրագիր ներկայացվեց, որի նպատակն է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա Եվրամիության չափանիշներին:

Aravot.am-ի հարցին, թե սպառողների պաշտպաններն այսօր ի՞նչ խոչընդոտների են հանդիպում իրենց գործն անելիս եւ արդյոք Եվրամիության ծրագիրը կօգնի՞, որ հայաստանցի սպառողներս ավելի պաշտպանված լինենք՝ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Երբ սպառողը ահազանգում է ինձ ես էլ` տեսչությանը, ինձ ասում են՝ նախ դիմի նախարարին, բայց մինչեւ այդ ընթացակարգը անցնում է, մենք շատ ժամանակ ենք կորցնում: Անձը գնել է որեւէ իր, սնունդ, Աստված մի արասցե՝ առողջական խնդիրներ ունի, պետք է կարողանանք անմիջապես արձագանքել եւ այդ վերլուծման հիմքերով գանք այն եզրակացության, որ այդ խմբաքանակը, կամ այդ երկրի արտադրանքը վտանգավոր է: Այժմ կարողանում ենք դա անել, բայց թղթի վրա,  իրական կյանքում դժվարությամբ է առաջ գնում: Կամ պահանջում ենք հասցեն, անուն ազգանունը, խանութը, այդ ամենը վանում է մարդկանց»:

Պարոն Պողոսյանի խոսքերով, այդ ամենը կարեւոր է, որպեսզի մշտապես ստուգողների, վերստուգողների ուշադրության կենտրոնում պահենք մեր շուկայում առկա անվտանգության եւ որակի մասին խախտումները:

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ասոցիացիան ուսումնասիրություններ է անում  սննդամթերքի, կոսմետիկայի, շինարարության ոլորտներում եւ հանրային սննդի օբյեկտներում, սակայն ֆինանսական միջոցների ու լաբորատորիայի բացակայության պայմաններում դժվարանում են մի շարք ապրանքների դեպքում ապացույցներով ու փաստերով խոսել: Տիկին Արիստակեսյանը հույս ունի, որ այս ծրագրով Եվրամիության մասնագետների հետ կքննարկեն ու «դարակներում մնացած օրենքները» կհանեն` հօգուտ սպառողի շահերի համար օգտագործելու:

Լիտվայի սննդի վերահսկողության տեսչության տնօրեն Ռամունաս Լեբեդիսը  Aravot.am-ի հարցին, թե ուսումնասիրե՞լ են հայկական շուկան եւ տեղյա՞կ են ինչ խնդիրներ կան սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ ձեր օրենսդրությունը համապատասխանում է Եվրամիության օրենսդրությանը, իհարկե ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Այս մեկ շաբաթվա ընթացքում բրիտանական փորձագետնրը կուսումնասիրեն օրենսդրական ակտերը եւ խորհուրդ կտան ինչպես դրանք գործնականում կիրառեք, սեմինարներ կանցկացնեն: Ծրագրի երկրորդ մասը ձեր մասնագետները կգան մեզ մոտ, փորձի փոխանակում կլինի եւ կտեսնեն, թե ինչպես են մեր մասնագետները խանութներում աշխատում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930