Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթևեկությունը ՝ Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթևեկելի գոտիներով։ Տրանսպորտային հոսքերի երթևեկությունը կազմակերպվելու է այլընտրանքային ճանապարհներով` Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետև՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Կիևյան կամուրջ ուղեգծով:
Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո քանդման թույլտվությունների տրամադրումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակում է ամենօրյա հսկողություն իրականացվել: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` Կամո Արեյանը նշել է, որ հնարավորին սեղմ ժամկետում պետք է կարգաբերել և անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինել մայրաքաղաքի տարածքում տեղադրված ավտոճանապարհային նշանները: Հսկողություն է սահմանվելու նաև վերգետնյա և ստորգետնյա հետիոտն անցումների սանիտարական մաքրման և արտաքին պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:
Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում կանգառագոտիների վերականգնման ուղղությամբ: Զուգահեռաբար շարունակվում է նաև փողոցների գծանշումը: Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար կթարմացվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մշակութային օջախների ցուցատախտակները: Քաղաքապետի հանձնարարությամբ կգույքագրվեն մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթակա ցայտաղբյուրները` վերանորոգելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով:
Կարդացեք նաև
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման հիմնական աշխատանքներն ավարտված են: Ընթացքի մեջ է ծառերի ու թփերի սեզոնային բուժումն ու կրապատումը:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շնքերի մուտքերում և բակերում իրականացվող ապօրինի առևտրի դեպքերը բացառելու նպատակով կատարվող ստուգայցերը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ին Կասյան փողոցի շաբաթ-կիրակի օրերին գործող գյուխամթերքի շուկայի վերաբացման նպատակով:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման, ինչպես նաև մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Նշել է, որ զուգահեռ կշարունակվեն խաղահրապարակների հարակից ավտոտնակների ու այլ շինությունների պատերի նկարազարդումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն