Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցները չե՞ն տեսնում, թե ինչ հնարավորություններ ունի մեր կառավարությունը

Հունիս 25,2012 15:25

Վերջին շրջանում կառավարության ծրագրի վերաբերյալ տարատեսակ կարծիքներ են հնչել, եւ նույնիսկ որոշ պատգամավորներ հայտարարել են, որ այն դժվար էլ իրականություն դառնա: Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ այն, ինչ նշված է ծրագրում՝ կդառնա իրականություն, որի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը կունենա առաջանցիկ զարգացում:

Պարոն Մինասյանի ներկայացմամբ` միջազգային տնտեսությունում առկա բացասական երեւույթների պայմաններում, կառավարության ծրագրած 5-7 % տնտեսական աճը հնարավոր կլինի իրականություն դարձնել ներքին ռեսուրսների համախմբմամբ. «Եթե մենք կարողանանք ներքին տնտեսվարողների համար ստեղծել հավասար մրցակցային դաշտ, եթե մենք կարողանանք հաջողության հասնել ապրանքի որակ-ապրանքի գին հարաբերակցությունում: Եվ միայն այս պարագայում մենք կարող ենք արտահանման ուղղությամբ առաջանցիկ աճ ապահովել»:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ կառավարությունը առաջիկա 5 տարիներին ակտիվորեն պայքարելու է տնտեսությունում հակամրցակցային երեւույթների դեմ, եւ խոստովանեց, որ մեր տնտեսությունում առկա է ստվերն ու գերիշխող դիրքի չարաշահումը:

Ըստ Գագիկ Մինասյանի, կառավարությունն արտահանման ուղղությամբ աջակցելու է տնտեսվարողներին` նոր միջազգային շուկաներ գտնելու ուղղությամբ` հատկապես գյուղմթերքների եւ արդյունաբերական ապրանքերի մասով: Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանի տնտեսական աճը 4-4.1% են կանխատեսել: Հարցին, թե ինչպե՞ս է այս պարագայում կառավարությունը 5-7% աճ խոստանում, Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ միջազգային կառույցները դեռ չեն տեսել ծրագրի իրականացումը. «որը մենք իրականացնելու ենք: Սա կառավարության ակնկալիքն է ներկայիս քաղաքականության պայմաններում»:

Անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքին, երբ անվտանգության աշխատակիցները մահացու ծեծել են ռազմական բժիշկներին, պարոն Մինասյանն ասաց. «Դա իսկապես անթույլատրելի երեւույթ է: Ցանկացած քաղաքակիրթ երկրի համար նման դրսեւորումները պետք է չափազանց հրապարակային եւ հանգամանալից քննադատվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից: «Հարսնաքարի» սեփականատերն էլ շատ հստակ արտահայտվել է այդ այլանդակ դրսեւորումների նկատմամբ, եւ վերաբերմունքն այդ դրսեւորումում պետք է լինի չափազանց նեգատիվ եւ մեղավորները օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա է միակ գրավականը, որ հասարակությունը կարող է ապահովագրված զգալ նման երեւույթներից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930