Քաղաքագետ Արմեն Աղայանը, ԼՂՀ առաջիկա ընտրություններին անդրադառնալով, կարծիք հայտնեց, որ գործ ունենք մարզային կարգավիճակ ունեցող միավորի հետ, որքան էլ շարունակենք խաղալ այն թատրոնը, որ Լեռնային Ղարաբաղը առանձին պետություն է: «Հաճախ Հայաստանի քաղաքական ընդհանուր իշխանության պրոեկցիան ենք տեսնում Արցախում՝ առանց էական ընտրապայքարի : Դրանք շատ նման են նախորդ ընտրություններին, երբ դարձյալ Երեւանից աջակցվող թեկնածուի դեմ կար Արցախի փոքրաթիվ ընդդիմադիր դաշտը համախմբող մեկ թեկնածու»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ, Արցախում ընտրություններին միշտ էլ նայել են որպես միջոցառում, ոչ թե իրական իշխանափոխություն:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ խորհուրդ տվեց, որ Հայաստանցիները եւ ԼՂՀ-ում հնարավորինս զերծ մնան նման որակավորումներից.« Գերակա մի խնդիր կա, այն է արտաքին հարաբերություններ ձեւավորել ԼՂՀ-ի համար, Հայաստանի համար, համապատասխանաբար, որպես օրակարգային հարց արտաքին հարաբերություններում եւ ԼՂՀ-ն այսօր խնդիր ունի ցուցադրելու եւ դրսեւորվելու որպես ժողովրդավարական պետություն, նույնիսկ եթե դեռ կա ճանաչման խնդիր: Ընտրությունները պետք է առաջին հերթին այդ նպատակն ունենան»:
Պարոն Աղայանն էլ հավելեց, որ մեծ ցանկություն կա Արցախը Ադրբեջանից ավելի ժողովրդավար ներկայացնել.«Ենթադրվում է, որ դա մեր բանակցային դիրքերն ինչ-որ ձեւով ամրապնդի: Կարծում եմ, որ չխոսելու իրավունք չունենք, բերան փակելու հարցը հենց դա է, որ կոռեկտ չէ, որովհետեւ իրականում կա շատ սուր խնդիր , գոյություն ունի Արցախում բնակվող Հայաստանի ավելի քան 100.000 քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստ, որոնք ապրում են իրենց հայրենիքում ու զրկված են Հայաստանի իշխանություններին ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից եւ այդ իրավունքը ոտնահարվում է հենց ԼՂՀ չակերտավոր անունով միավորը անկախ ներկայացնելու Հայաստանի քաղաքական վերնախավի ձգտումներով»:
Նա նաեւ կարծում է, որ Արցախի ինքնորոշման հարցը դնելուց առաջ, Հայաստանից նախ այն պետք է անջատել, հետո նոր խոսել.«Արդեն միակցված միավորը անջատելուց հետո նորից խոսել ինքնորոշման մասին, նշանակում է Ադրբեջանի ախորժակը գրգռել այդ միավորի նկատմամբ»: Պարոն Ուրիխանյանն էլ ասաց` ձեր առաջարկածը լավ է, բայց պետք է հասնել դրան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ