Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո շաղ տված թաշկինակները

Հունիս 25,2012 14:10

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

/Հատվածներ վեպից/

 

Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:

                                                                                                                     Լոգաու

Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:

                                                                                                                   Ջոն Դոն

«Եվ կյանքը ցավով լիքն է»… Ու թուրքի բախտագուշակ-պառավը   տղաների տարած «աստրաները» դեղին-չորացած մատներով հատ-հատ դեղին ու դեղնած-սևացած մուշտուկին սաղացնելով ու հարմարեցնելով եւ դարդոտված ծխելով ու՝ դեղին, հանգստություն բերող ծուխը ներս քաշելով-ներծծելով խուլ-քլթքլթացող ձայնով ու սառը-չտեսնող հայացքով` իր կյանքի, այս կյանքի, այս աշխարհի ու մեր կյանքի ծանր ու ցավոտ պատմությունը նորից ու կարճ կրկնեց ինքնաձիգները պինդ բռնած ու դեմը կոտր ընկած-կանգնած հայ տղերքին… Ու ցավոտ, սառը, անտրամադիր ու խուլ-քլթքլթոցով ասաց, ասաց` երանի անասուններին, երանի հիշողություն չունեցող անասուններին: Երանի մոր վրայով անցավ-չտեսնող քայլք անող-անցնող  անասուններին: Երանի պոռնիկներին, որ դեռ բարուրում, ծծակները բերաններին, էս կյանքի իմաստը հասկացել ու պոռնկավարի սվաղում են դրա դժվարությունները: Երանի մարմնով պոռնիկներին, որ միշտ էլ բարձր են կանգնած հոգով պոռնիկներից: Ու պառավը մրմնջում էր խուլ-խեղդող եւ խեղդող-քլթքլթալով ասաց, ասաց` ցավ էէէ~, շուրջս, կողքս, վերեւն ու ներքեւը` ցավ էէէ~` տեսնում եմ, ես տեսնում եմ: Տեսնում եմ: Ու շուրջս ցավ է, ու ամենուր ու ամենուրեք ցավ է` երանի անասուններին: Երանի անասուններին:  Երանի նրանց ծնողներին: Ու պառավն ասաց` կյանքը ցավով լիքն է, ցավով լիքն է… Ու նա ասաց` եւ ամեն-մի դարաշրջան ու ժամանակաշրջան իր ցավն է կուտակում՝ կուտակված ցավին: Ու բանաստեղծ-աշուղները, հենց դրա համար է, որ օր-օրի բուսնում ու շատանում են: Ու նրանց գինովցած-մրուրի մեջ թաթախված հայացքները, որ կապ ունեն վերեւի հետ, տեսնում են էդ ամենը: Տեսնում են: Բոլորի ցավն` առանձին-առանձին, եւ բոլո՜ր ժամանակների կուտակված ցավն այս երկրի վրա` տեսնում են ամբողջապես բանաստեղծ-աշուղների գինովցած հայացքները: Ու նրանք՝ ցավից գինովցած հայացքներով բանաստեղծ-աշուղները՝ պատմում են բութերիս ու մարդկանց ու միջավայրին այդ ամենը: Նրանք` շրջապատին ու մարդկանց ու բութերիս պատմում են, ցավով պատմում են երկրիս վրա դարաշրջան առ դարաշրջան, ժամանակաշրջան առ ժամանակաշրջան հավաքվող ու օձի նման գունդուկծիկ դառած, մարդկության կողմից գործվող, Աստծո կողմից ստեղծված Մարդ-Աստծո կողմից գործած ցավերի մասին:

Ու թուրքի պառավը` ծանր ու պինդ, հաստատուն-համոզված ասաց, ասաց` կատուն, սպիտակ կատուն, խուլուհամրը, հոգեկան խանգարվածը, տափուկը, հոգով պոռնիկը, պարզ-բաց պոռնիկը, ինտրիգանն ու բյուրոկրատը, իմիտատորն ու վաշխառուն, մոր վրայով քայլք գցողը… ձեր Աստծո թաշկինակներն են երկրիս վրա: Նրանք ձեր Աստծո ու իմ Աստծո սպիտակ թաշկինակներն են երկրիս վրա: Ու էս վերջիններին` տափուկին, հոգով պոռնիկին, պարզ-բաց պոռնիկին, ինտրիգանին ու բյուրոկրատին, իմիտատորին ու վաշխառուին, մոր վրայով քայլք գցողին… Աստված հատուկ է վերեւից նետել մեր արանքներն ու մեր շուրջբոլորը: Հատուկ է նետել: Մեզ փորձություն է որպես նետել: Ու մեր կամքը պնդացնելու համար է նետել: Ու մեր փորձությունները հատուկ ստուգելու համար է հատուկ նետել: Ու թուրքի պառավը ծոր տվեց դեղնած ատամներին դեղնած մուշտուկը տանելով ու ծանր հառաչեց եւ ասաց` էէէ՜, մեր մայմուննե՜րը, ձեր ծաղրածունե՜րը… Ու մենք Աստծո թաշկինակներն ենք երկրիս վրա: Խուլն ու համրը, հիվանդն ու առողջը, մեղսունակն ու անմեղսունակը, ուժեղն ու վհատը, թույլն ու զոռբան, սկզբունքայինն ու անողնաշարավորը, կիրթն ու բութը, անգրագետն ու գրագետը, շիտակն ու ինտրիգանը, հաճկատարն ու ըմբոստը, պարկեշտըն ու պոռնիկը, մեծահոգին ու նեղմիտը, լիառատն ու ժլատը, սակավապետն ու վաշխառուն, բարին ու չարը, նույն թելերով կապված, նույն կապանքներով կապակցված, Աստծո կողմից մեր երկիր մոլորակ նետված, ի սկզբանե Աստծո` սպիտակ, մաքուր, անբիծ, իրար շունչ տվող, իրարից շունչ առնող-ուժ առնող, իրար ագուցված-կապակցված թաշկինակներն ենք երկրիս վրա: Նրա թաշկինակներն ենք երկրիս վրա: Եւ Աստված տեսնում է, նա տեսնում է, թե իր ձեռքով երկիր նետված, իրար հետ անտեսանելի թելերով կապված-կապակցված, իր ո՞ր մի թաշկինակը՝ դեղնեց, սեւացավ, մրոտվեց, վառվեց, սպիտակ մնաց, սպիտակ մնաց: Ու Աստված տեսնում է էդ բոլորը: Աստված տեսնում է էդ բոլորը: Ու մեր սեւ-սպիտակ մտածումները, հենց մեր փորձությունն են էս երկրիս վրա ու էս կյանքում` Աստծո առաջ: Ու Աստծո առաջ, որպես մի-մի սպիտակ թաշկինակ` ներքեւ նետված, փորձվում ենք էս կյանքում ու էս երկրում` Նրա առաջ: Փորձվում ենք Աստծո առաջ: Ու մաքուր-սպիտակ պիտի կարողանանք նրա մոտ նորից վերադառնալ: Մաքուր-սպիտակ: Ու  թուրքի պառավն ասաց` եւ Աստված ամեն կարգի մարդ ստեղծել է մեր երկրի վրա. ծույլ անբանների եւ ըստ այդմ` ուզվոր-բոշաների, անկատար ու անկիրթ ուղեղների եւ ըստ այդմ` մաղձոտ-նախանձների, աշխատասեր-կիրթ-ըմբոստների ու ըստ այդմ` նրանց առաջխաղացին արհեստական արգելք դնող թոնրի ծանրուղեղ-կարծրացած խոփերի, ըմբոստ-պայծառ-ազատատենչ-ասող-խոսող-ազնիվ-անկեղծների ու սրանց ոտք գցող, ձվերը շքռամիջում կշկռած, թիկունքից փորսուղ գործող ու թիկունքից տափուկ-թաքուն հարվածող, թաթերը կտրած չախկալների: Ու պառավն ասաց` աշխարհն այդպես է ստեղծվել. բոլո՜ր բութերն ու խելացիները միշտ իրար հետ են եղել` կողք-կողքի: Եւ աշխարհիս բոլոր չար կատակներն այդպես են ստեղծվել. բոլո՜ր խարդավանքները խելացիներն են սկսել, բայց վերջում բութերն են հաղթել: Վերջում բութերն են հաղթել: Եւ Աստված ի վերուստ բութերին մի ոտք առաջ է գցել` խելացիներին պատժելու համար: Խելացիներին պատժելու համար է նրանց մի ոտ առաջ գցել, նրանց, ի վերուստ սկսած խարդավանքներին` պատժելու համար: Նրանց, ի վերուստ սկսած խարդավանքներին` պատժելու համար է մի ոտ առաջ գցել: Եւ թուրքի պառավը, հայացքն անորոշությանը` հարց տվեց, անհասցե հարց տվեց ու ասաց, ասաց` եւ գիտե՞ք` բութերի առավելությունն ինչո՞ւմն է: Ու նա անհասցե էր հարց տվել անհավես եւ ինքն էլ անհավես պատասխանեց ու ասաց` նրանք բոլո՜ր տեղերում ու բոլո՜ր ասպարեզներում կան ու բոլո՜ր տեղերում եւ բոլո՜ր ասպարեզներում: Նրանք, բութի իրենց վախկոտությամբ ու վախվորած-իրենք իրենց ապահովագրող շրջահայացությամբ, մի կարճ պահից հետո, ի՜նչ ձանձրույթ ու խավար են բերում իրենց շրջապատին ու միջավայրին: Ի՜նչ ձանձրույթ ու խավար են սփռում: Ու նրանք, մի կարճ  պահից հետո, կարողանում են խավարել արեւի լույսը եւ խավարասերների նման, իրենց շուրջը` իրենցով են շրջապատում` խավարասերներով: Ու, էդ դրանից է, հենց դրանից է, որ բութերը` բութերով են հիանում: Հիմարը` հիմարով է պարծենում: Բոզը` բոզի հետ է կիսվում… Եւ պարկեշտը` անլվա-քաքոտներից` նեղվում էէէ~… նեղվում էէէ~…

Ու պառավը շարունակեց խոսքն ու ասաց` եւ Աստված բութերին ստեղծել է, որպեսզի ազնիվներն էլ տեղ ունենան, ազնիվներն էլ գործելու ասպարեզ ունենան: Եւ անմեղներիս խեղդող բութերի գործունեությունը տեսնելով, խելացի-պարկեշտ-ազնիվները առաջ են տանում կյանքը, առաջ են տանում կյանքը, թմբիրից ու անհոգի բութ-ձանձրույթից ազատում են կյանքը: Ազատում են: Ու դա իրենք չեն անում, իրենցից անկախ, իրենց մեջ նստած անմեռ ոգու Ծառսն է կյանքն առաջ տանում: Իրենց մեջ նստած, ի ծնե նստած անմեռ ոգու Ծառսն է կյանքն առաջ տանում: Ու, եթե խելացի-ըմբոստ-պարկեշտ-ազնիվներն անարդարը տեսնեն ու ծառս չլինեն, ապա բութերն իրենց բթությամբ թմբիր են կապելու երկրիս վրա եւ իրենց բթությամբ խեղդելու են անմեղներիս: Խեղդելու են: Ու պառավն ասաց` ու, եթե Աստված աղքատներին` հպարտ, վիզը ծուռ, հողին կքած, իրենց չունեցած աշխատանքին ու բան ու գործին հավատարիմ-կպած, լայնասիրտ ու սրտաբաց, աչքը կուշտ-օրերով կոպեկ հաշվելով ու դարդերի տակ օրերով մտատանջ ու աչքերում` սուր ծաղրը դեպի վերեւ հառած չստեղծեր, ապա երկնքում քայլող ու գլուխները բարձր պահած եւ առաջին միլիոնը ինձնից ու քեզանից գողացած հարուստներն, անկուշտ ու անսիրտ հարուստներն, իրենց գողցող հալով, էդ ո՞ւմ հաշվին են բարեգործություն անելու, եւ Աստծուց ու աղքատից իրենց օրհնանքը ստանալու: Էդ ո՞ւմ հաշվին են բարեգործություն անելու: Ումի՞՛ց: Եւ՝ ու՞մ հաշվին: Մեր ու ձեր «հաջողակ»-գողցող տղաները: Ու թուրքի պառավն ասաց` ու բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները նույնն են: Բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները նույնն են: Ու ոչ մի երկրի ոչ մի ժողովուրդ երբեք չի սիրել հողից կտրված վարք ու բարքով, տիտռիկ-ֆոկուսնիկ իշխանավորներին ու իշխանիկներին ու տիրակալներին ու չինովնիկներին ու մնացածներին: Ու ազնիվ խաբողներին` առավել եւս: Ազնիվ խաբողներին` առավել եւս: Ու Հողից կտրված, անսիրտ-անցավ-փողի մեռած, ամեն-ինչը փողով չափող-քաղքենի-արատավոր-ափեղ-ցփեղ դուս տվող իր իշխանիկներին ու իշխանավորներին ու չինովնիկներին չի սիրել: Չի սիրել:  Եւ պատմության մեջ, դրանց քամակից դատարկ վեդրո կախել ու շվվացնելով քշել է իրենից, շվվացնելով հեռացրել է իրենից: Եւ բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները միայն մի բան են պահանջել իր թագավոր-տիրակալներից, միայն մի բան են պահանջել` լինել արդարամիտ ու արդարադատ եւ գործել համարձակ: Լինել արդարադատ ու գործել համարձակ: «Տեսնել»` աղքատին, անօրեն ճնշվածին, ուրիշի խաղերից ու նազիր-վեզիրների գեշ խաղերից` անօրեն օտարվածին: Եւ բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները` նստված ու պինդ, բարի ու հզոր,  խոսքում ու գործում հաստատուն,   խոսքում ու գործում չտարբերվող, բարձր տեղերում նստոտած-սուտ խոսող-ազնիվ խաբող, ամեն ինչի վրա թքող ու թքոտող անսիրտ-անցավ ծույլ համբակներին չհավատացող ու նրանց կաշին տեղում քերթող, համարձակ ու իր համարձակ քայլերով երկրիս վրա արդարություն ու արդարամտություն տարածող-ստեղծող ու ստեղծագործ, հոր՝ չոր ու արդար ու արդարադատ սիրով՝ սիրող, ու հոր չոր-սիրով պատժող թագավոր-արքաներին ու տիրակալներին եւ նախագահներին է սիրել ու հարգել: Իմաստունի՛ն: Իր նազիր-վեզիրների ամենօրյա-կարկուտի նման իջնող աքացիներից գլուլխները պինդ բռնած-կուչ եկած-ամեն ինչից զզված-անասելի ատելությամբ ու սպանող արհամարհանքով լցված-ներքեւիններին` իր ժողովրդին պաշտպանող իմաստունին: Իմաստունի՛ն: Տիրակալներից ու թագավորներից` իր ժողովրդին սիրող իմաստունին է սիրել իր ժողովուրդը: Իմաստունի՛ն: Որ բազու՜մ նազիր-վեզիրներ ունեցել, նրանց ականջ դրել, սակայն եւ նրանցից եւ ոչ մեկի` առանձին-առանձին արված խաղերին ու ականջին թաքուն արված փսփսոցներին չի հավատացել ու տոն չի տվել: Տոն չի տվել: Իմաստունի իր կերպարով, համեմատության մեջ է դրել նրանց արածն ու ասածը, առանձին-առանձին արված բառերն ու խոսքերը, եւ ոչ մեկին գերի չի դարձել: Ոչ մեկին գերի չի դարձել: Եւ մտածել է, ու մտածել է` սրանց ասված խոսքերն` ո՞ւմ օգտին են արվում  ու արված: Ո՞ւմ օգտին են արվում  ու արված ` ի՞մ, ժողովրդի՞, պետությա՞ն, իրե՞նց. ո՞ւմ օգտին է արվում: Եւ իմաստունի իր կերպարով` տեսնում է, տեսնում է` աղքատին, անօրեն ճնշվածին, ուրիշի խաղերից` անօրեն օտարվածին: Տեսնում ու սիրում է իր ժողովրդին: Ողնաշարով է սիրում իր ժողովրդին: Ու թուրքի պառավն ասաց` չտես չինովնիկը չէ եւ՝ երեսպաշտ պաշտոնյան չէ, ու ոչ էլ ճոխության մեջ կոլոլված քաղքենին է, որ պիտի հողը պահի: Եւ թուրքի պառավն ասաց` Աստված հողերն էլ է հավասարաչափ բաժանել: Բոլո՜ր ազգերին ու ժողովուրդներին, նա հավասարաչափ է բաժանել իրենց հողերը: Եւ, որն ուժեղ է, որը խելացի է, որը հայրենասեր է` պահել է իր հողը: Պահել է, ավելացրել է: Իր նստել-վեր-կենալու, սերունդ տալու ու ժառանգ ունենալու եւ սերունդ շարունակելու տեղը, պատվի իր զգացումով` պահել-պահպանել է: Պահել-փայփայել է: Ու նա ասաց՝ հավը, որ հավ է, ձվադրելու-ճուտ հանելու իր տեղն ու բունն ու իր տեղի եւ բնի շրջակայքն ու միջավայրը՝ աչքի լույսի պես ու կյանքի գնով է պաշտպանում-պահպանում:

Ու թուրքի պառավը շարունակեց ու ասաց, ասաց` ու ես չեմ մոռանում, չեմ մոռանում ու ամեն հիշելուց` մարմինս փշաքաղվում ու սիրտս կտոր-կտոր է լինում, ու մեր ու ձեր աստվածավախ-աբուռով մայրերն ի~նչ դաստիարակված առյուծ-տղաներ, ի~նչ թասիբով ասլան տղաներ, ի~նչ հայրենասեր-առյուծներ գիտակցված մատաղ արեցին ու դեռ մատաղ են անելու` սերունդ տալու, ժառանգ ունենալու, իրենց իսկ  սերունդը շարունակելու տեղը` կռվախնձոր դարձած էդ քաղցր Հողը` պատվի զգացումով` իրենց ծծած կաթին վայել որպես` պահել-պահպանելու, պահել-փայփայելու համար: Անասելի ի~նչ տանջանքներ կրելով եւ անպատմելի ի~նչ պատվախնդրությամբ: Ձեր ու մեր` մոր ծիծ ծծած, պատվախնդիր ու նամուսով-թասիբով ասլան-առյուծ տղաները: Մեր ու ձեր առյուծ-ասլան տղաները` սեղանի տակ ու կռավատի տակ ու մամայի տաքուկ ու փափուկ փեշերի տակ անվնաս թռածներին ի ջգրու որպես ու ի արհամարհանք որպես: Ի արհամարհանք որպես: Ու թուրքի պառավը դադար առավ մի պահ ու դադար տվեց ու ասաց՝ մերոնք  ճիշտ չպահեցին իրենց. մերոնք կուրծք էին ծեծում, հաթաթա էին տալիս, հոխորտում էին՝ «հողը՝ արյունով են վերցնում»։«Հողը՝ արյունով են վերցնում»։ Ու ձեր արյունն է։ Ձեր վերցրած հողերի վրա, ձեր՝ ասլան, առյուծ-տղաների արյունն է շաղ տված։ Ձեր ազատագրած հողերը՝ ձեր արյունով է շաղախված։ Ձեր արյունով է շախաղված ձեր ազատագրած հողերը: Ձեր ունեցած տանջանքներն ու անպատմելի ապրումներն ու Հաղթանակածի ոգին է թևածում այդ հողերի վրա: Ձեր ունեցած անպատմելի-անասելի ապրումներն է թեւածում այդ հողերի վրա: Ու թուրքի պառավն ասաց՝ ու չեմ մոռանում, չեմ մոռանում, չեմ կարող մոռանալ…

Կյանքում էնքաա՜ն բաներ եմ տեսել ու չեմ մոռանում, չեմ կարող մոռանալ… ու ձեր սարի գլխին վեհ կանգնած ձեր հազարավոր,  էդ հողերում շաղ տված-սփռված ձեր հազարավոր եկեղեցիներից` Խոխանաբերդի տակի փռված անտառներից մեկում վիրավոր-տանջանքներից զոհված եղբոր դիակի վրա անտառի թաց-լպրծուն խաշամը, մոշն ու քոլերը հեւիհեւ-թանչին տալով-ճըպռըպորելով եկած մյուս եղբոր՝ զենք-զինամթերքով բեռնավորված ու զենք-զինամթերքի մեջ կորած-կոլոլված առյուծ-եղբոր վշտահար–աղերսանքն է ականջներիս մեջ՝ եկալըմ, էէէ՜, ախպե՛ր, եկալը՛մ։ Ու պառավն ասաց` ու ամեն հիշելուց` մարմինըս փշաքաղվում ու սիրտս կտոր-կտոր է լինում ու, էէէ՜, ոտքով, ոտքով, ոտքով դեպի Շորբուլախի վեհ գագաթին միայնակ վեհ կանգնած ձեր քարակերտ ու  իր միայնակ հպարտության մեջ անառիկ կանգնած ձեր եկեղեցուն սարեր-ձորեր չորեքթաթ կտրելու-հասնելու ճանապարհին` ես ձեր Կռվի Պատմության ականատեսն ու մասնակիցը ու ձեր Հաղթանակի ու ձեր Հաղթանակածի` ականատեսն ու վկան դարձա ինքնաբերաբար: Ինքնաբերաբար ականատեսն ու վկան դարձա ձեր Հաղթանակի: Ու պառավը մանրամասնեց իր տեսածը դանդաղ տնքոցներով ու հեւոցներով, ու տղերքի կողմից տարված «աստրաները» հերթով ծամելով դեղնած մուշտուկի մեջ դեղնած ատամներով ու շրթունքներով եւ ծանր տնքոցներով ու հառաչանքներով ասաց, ասաց` ես անցնում էի, ես էդ տեղով, էդ տարածքով, ձեր հայի ու արդեն իմը դարձած լակոտը կրծքիս պինդ բռնած-շալակած մի շնչով թաքուն տալիս-անցնում էի դեպի ձեր մյուս՝ Շորբուլաղի գլխին վեհ կանգնած, բայց այդ ժամանակ դեռ մեր տարածքում գտնվող քարակապ ու հոյակերտ մատուռ-եկեղեցուն, ու դեռ շա~տ-շատ տեղեր-տարածություն, անտառ-քոլեր պիտի կտրեի, սարեր-ձորեր պիտի անցնեի ձերոնցից ու մերոնցից թաքուն  ու անվտանգ: Ու էդ անտառում՝ Խոխանաբերդի  շուրջը ու նրանից ներքևում փռված դարավոր անտառում թաքուն-պպզած-կուչ եկած նայում էի ու թաքուն կուչ եկած-սսկված տեսա, ես տեսա ձեր Հաղթանակը: Ձեր Հաղթանակը ես տեսա դեռ Կռիվը չավարտված… Եվ «ուշացել է ախպերը»։ Ու մյուս ախպերը, ատամները կրճտացնելով, անտառի, քոլի մեջ, մեն-միայնակ կռիվ է տվել մերոնց դեմ իր՝ հողի, ջրի, իր մանկության, իր լավ տարիների, իր քաղցր կարոտների ու իր՝ տան, օջախի, երեխեքի ու կնոջ ու ծնողների անվտանգ-ապահովության համար: Տաք-տաք ու կրակոտ ինքնաձիգը պինդ բռնած, քարից-քար, ծառից-ծառ, թփից-թուփ, տեղից-տեղ տեղափոխվելով, խաբս տալով ու պատսպարվելով, եւ միայնակ-անզորությունից ու կատաղած ոգու միայնակ-ճիգերից, ինքն-իրեն պատառոտելով ու ատամները կրճտացնելով, վերահաս մահից վախենալով ու չվախենալով, էս սիրուն բնությանը, էս բնության մեջ ու էս բնությամբ ու Աստծով ստեղծված կյանքը կիսատ-պռատ թողնելու, իր երեխեքի եւ կնոջ եւ օջախի, եւ նրանց մնացյալ-ապրելիք կյանքն առանց իրեն կիսատ թողնելու անօգնական-մտատանջ-ափսոսանքից գուցեեւ թոթափվելով եւ ազատվելով ու մերոնց գնդակներից ցանցի նման խոցոտվելով, կռիվ տվել ու իր արյունով իր պահած հողը իրենով արել ու… քանդակի նման անշնչացած պառկել` քարացել-արձանացել է լավ նկարչի վրձնով արված էդ սիրուն ու վեհ եկեղեցով շրջապատված էդ սիրուն անտառում։ Ու շուրջբոլորը մերոնք են խոցոտված ու արյունաքամ-մահացած` մի 10-12 հոգի: Մի 10-12 հոգի: Եւ արձանացել է ձեր առյուծ տղան իր սիրուն-երկու մետրանոց բոյ-բուսաթով: Արձանացել է անմահացած` իմ արյունով պահած հողը, իմ կորսված ու կիսատ մնացած կյանքով, իմ օջախի կիսատ-պռատ մնացած կյանքի գնով պահած հողը, որ՝ էէէ՜, իմ նման ու ինձ նման անմահացած քանի՜-քանիսի արյունով է շաղախված՝ ո՞վ կտա ուրիշին,  ո՞վ կհամարձակվի տալ ուրիշին։ Ինչո՞ւ պիտի նվեր անի ուրիշին: Ո՞ր մեկն իմ եւ ինձ նման ուրիշների  կիսատ մնացած կյանքի գնով ուրիշին լավություն կանի։ Ո՞ր մեկը։ Ո՞ր մեկը կանի…

Ու մյուս՝ բեղ-մորուքի մեջ թաղված, առյուծ-ընչանցքով, զենք-զինամթերքով բեռնավորված «ախպերը», նույն ապրումներով մենակ կռիվ տվող իր առյուծ ախպորը ուշացած հասել, եւ զոհվածի եղբոր ապրումներով, իր անզորությունից եղբոր պահած հողն է ճանկռոտում-ճըպռըպորում կիսատ-պռատ կյանքի դեմ ունեցած իր անզոր-աղերսանք-բողոքով՝ եկալըմ, էէէ՜, ախպե՛ր։ Եկալը՛մ։ Եւ ուշացել է նա: Ու «ախպերն» անհաղորդ վրա հասած եղբոր աղերսանքին` իր գործն արել ու քարացած պառկել է։ Նա քարացած պառկել է այլեւս։ Երկու մետրանոց իր սիրուն բոյ-բուսաթով անտարբեր-վեհ քարացած-անմահացել է այլեւս: Ու սառած հայացքը երկնքին է հառել։ Սառած հայացքը երկնքին է հառել։ Եւ պառավը ծոր տվեց եւ ծանր տնքում էր ու աչքերը կիսախուփ-վերացած մրմնջում էր: Ու նա խնչեց ու կողքի թքեց եւ ծանր-տնքոցով ասաց, ասաց` իսկ երկնքից կաթ-կաթ` եվրոպացի, ռուս, ամերիկացի, եւ այլն, կակղամորթներն են կաթկթում` եկալընք, էէէ՜, ախպերնե՛ր, եկալընք, մեր նման լպրծուն-մազութոտ խողովակաշարերը շալակած-«տեղավորած»` կյանքին ու ազգին ու օջախին ու մնացյալ ամեն-ինչին մի թիթեռի կյանքի նման թեթեւ նայելու պես, որպես մի-մի օրվա թիթեռնիկներ իբրեւ, ու որպես մի-մի օգտագործման ենթակա պատուհասներ իբրեւ, մեր կակղամորթ քարոզներով ու խորհուրդներով, ժպտադեմ ու ժպտերես` եկալընք: Ու պառավը նորից ծոր տվեց եւ ծանր տնքում էր ու աչքերը կիսախուփ-վերացած մրմնջում էր: Ու նա նորից խնչեց ու կողքի թքեց ու ծանր-տնքոցով ասաց, ասաց` եւ երկնքից նաև կաթ-կաթ` մեր ու ձեր անամոթներն են կաթկթում, մեր ու ձեր անամոթները` պատերազմի ժամանակ ու օրհասի ժամանակ մոր տաքուկ ու փափուկ փեշի տակ ու կռավատի տակ թռածները: Պատերազմի ժամանակ ու օրհասի ժամանակ մոր տաքուկ ու փափուկ փեշի տակ ու կռավատի տակ թռածները, որ խաղաղ պայմաններում թափով մոր փեշերի ու կռավատների տակից անվնաս ու անվտանգ դուրս թռել, իրենց մեջքի փոշիները թափ տվել ու հաստատուն հայտ են ներկայացրել` եկալընք, էէէ~, ախպերներ, եկալը’նք, ու` էսի՝ ինձ, էսի՝ քեզ, էսի՝ ինձ, էսի՝ քեզ։ Ու բաժանում ենք, ու բաժան-բաժան ենք անում՝ էսի՝ ինձ, էսի՝ քեզ: Էսի՝ ինձ, էսի՝ քեզ։ Ու ազգի սերուցք առյուծ տղաների կյանքի գնով ձեռք բերածն ու պաշտպանածը` հիմա բաժան-բաժան անում ու լավ-լավ ինչքն ու կացի տերն ենք դառնում: Տերն ենք դառնում ինչքն ու կացի ու ամեն ինչի: Ու թուրքի պառավը նորից կրկնվեց եւ ասաց` սակայն` չտես ու ինքն-իրենից զարմացած պաշտոնյան ու չինովնիկը չեն, եւ ճոխության մեջ կոլոլված քաղքենիները չեն, որ պիտի հողը պահեն: Հողը ռամիկն է պահում: Ռամիկը՛: Ռանչպար կլինի, թե` զորական, պաշտոնյա, թե` չինովնիկ, գիտնական կլինի, թե` շինական: Նա է ոգին Հայրենիքի եւ նրան պիտի փայփայել քաղքենիներից ու երեսպաշտներից: Հողը ռամիկն է պահում ու Հայրենիքով ռամիկն է թեւեր առնում, եւ երկրիս վրա ու աշխարհում, նամանավանդ, իր հայրենիքում` ռամիկը պետք է լավ ապրի: Նա պետք է լավ ապրի: Եւ նա պետք է տեսնի այդ ամենն, այդ ամենը՝ թագավորների հայտարարած արդարությունն ու արդարամտությունը: Նա պետք է շոշափելիորեն տեսնի ու զգա: Զգա ու տեսնի: Շոշափելիորեն տեսնի ու զգա այս կարճ կյանքում. գողցող-«հաջողակ»-երեսպաշտ-հայրենիքի վրա թքողն, եթե լի ու լի ու տռզված է ապրում, ապա ինչո՞ւ պիտի ես իմ արժանիքներով ու վաստակով լավ չապրեմ: Ինչո՞ւ պիտի ես գողցողից լավ չապրեմ իմ արժանիքներով ու անցածով: Ինչո՞’ւ: Եւ ո՞ր արժեքների կրողն եք դուք ու ինչո՞ւ եք ուզում ինձ էլ նսեմացնել ու գողցող-«հաջողակ» դարձնել:  Ու պառավը խնչեց ու կողքի թքեց, ու անտարբեր, անհավես ասաց` ի~նչ բարքեր է, ի~նչ մտածումներ ու Ծրագիր է` չես հասկանում: Ու նաեւ ասաց` գլխին շատ թե քիչ խելք ունեցողն` արդեն չի հասկանում` գնա վարկաբեկվիր, արի վարկաբեկված-կոտրված-ծառայամիտ արժեւորվիր` Հողի ու Հայրենիքի եւ ամեն ինչը տեսնող ու տեսածից-զգացածից փչացող սերնդի հերն էլ անիծած` մրցություն է, ու փող պիտի խփենք: Կյանքը կարճ է ու փողի համն արդեն զգացել ենք ու առնեմ-ծախեմ բոլորիդ` կիսագրագետ հալով փող պիտի խփենք: Ու շատ կարդալն էլ մի բան չէ, ու մեկ էլ տեսար` էդ ամեն ինչը, էդ կարդացածդ եկավ ու մեջդ ներծծվեց: Ու աշխարհայացքդ փոխեց: Ու կարոտ մտավ մեջդ: Ու հիշողություն ունեցար: Եւ հիշողությունդ եկավ: Ու սոված-ռամիկներդ աչքիդ դեմը հառնեց: Ու վրնջացող-մատակ ձիեր սկսեցիր սիրել: Ու խո~ւլ մթության եւ խո~ւլ լռության մեջ հերթով ձորը նետվող նրանց անմռունչ վրնջոցից ցավ ապրեցիր: Ու որձ-հովատակներից զզվեցիր: Ու սկսեցիր ամեն ինչը սիրով ու սրտացավ անել: Եւ… ցավ զգալ: Ամեն ինչի համար ցավ զգալ: Ու… սրտացավ դառնալ: Սրտացավ դառնալ: Ու… տեսնել կաշառակեր-բութին: Երկիրը քանդող կաշառակեր-բութին: Եւ… զզվել բութից: Զզվել երկիրը քանդող կաշառակեր-բութից: Զզվել նրանցից: Ու Հողիդ վրա, քո հետ, նույն ժամանակահատվածում ապրող ռամիկ-մարդուն` Մարդ տեսնել: Դեմդ… Մարդուն տեսնել: Նրա ընտանիքը: Ապրումները: Հոգսերը: Անասելի հոգսերը: Ու նույն ժամանակահատվածում եք ապրում: Էս կարճ կյանքում նույն ժամանակահատվածում եք ապրում: Մեկը` հողին-երկրին սրտացավ նվիրված-պարկեշտ-արժեքով-ռամիկը` ճարահատ ցուպը ձեռքին-կիսատ-պռատ-ծրագրերով` սոված-ծարավ… Եւ մյուսը: Նույն երկրի նույն ժամանակահատվածի մյուսը` անարժեք-գողցող-«հաջողակը»… որ անասունի հիշողություն ունի: Ո՞րն է խորհուրդը կյանքի: Ու պառավն անհավես, անտրամադիր կրկնվեց ու ասաց` ո՞րն է խորհուրդը կյանքի: Ու նա խնչեց ու կողքի թքեց ու դիմահար նայում էր ու դիմահար նայելով ասաց, ասաց` եւ ոչ մի նյութական շահագրգռություն ու շահագրգռվածություն զինվորին չի հանի ասպատակող թշնամու դեմ: Ու վարձկանները միայն բերդի դռներն են թաքուն-գիշերով-գաղտագողի բացում թշնամու առաջ: Եւ Հայրենիքի կորստյան ցավ-կանչը միայն ռամիկին է թեւավորում ոսոխի դեմ. ու նա արդարություն ու արդարամտություն է պահանջում: Ու նա արդարություն ու արդարամտություն է պահանջում:  Եւ նա ուզում է՝ հանգիստ ու ապահով, լավ ու մարդավարի ապրել իր հողում ու իր երկրում եւ իր Հայրենիքում: Մի-մի չագուչ դառած ուրագներից և արյունակից-գծուծ-վաշխառուների՝ օր-օրի գցվող սարդոստայններից ու օր-օրի գցվող որոգայթներից ու թակարդներից՝  զերծ ու հեռու է ուզում ապրել նա: Հանգիստ ու արդար է նա ուզում ապրել: Ռամիկն… իր բնօրրանում մարդավարի ապրել է ուզում: Հանգիստ-մարդավարի ապրել է ուզում նա իր Հողում:

…Ու թուրքի պառավն ասաց` եւ Աստված կանգնել ու բուռ արել ու բռերով շաղ է տվել: Բռերով շաղ է տվել մարդկանց` լավ, վատ, գեշ, սիրուն, հաբռգած, պարկեշտ, կրթված, անկիրթ: Ու մարդկանց էդ տեսակներից` բուռ-բուռ արել, երկրով-մեկ  շաղ է տվել: Ու Աստված բոլորին, բոլորին ամեն-ինչով «զորել է»: Նա իր կողմից բռերով երկիր նետված տեսակ-տեսակ մարդկանց, ամեն-ինչով «զորել է». վախ, ներշնչում, ուժ, համարձակություն, վհատություն, հզորություն, վախկոտություն, նենգություն, մաղձ-չարություն… Ու Աստված ամեն-ինչը հավասարաչափ է բաժանել այս երկրի վրա: Հավասարաչափ է բաժանել: Ու ըստ այդմ՝ բութերին մի ոտ առաջ է գցել: Մի ոտ առաջ է գցել բութերին ու ճապաղներին: Ու բութերին ու ճապաղներին մի բուռ ոսկի  ավել է տվել: Բութերին ու ճապաղներին մի բուռ ոսկի միշտ ավել է տալիս: Եվ ամեն-ինչը հավասարաչափ չբաժանելու եւ բութերին մի բուռ ավել ոսկի մնացածներիս համեմատ չտալու դեպքում, ապա ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր մեջ ու մեր արանքներում: Եւ, եթե բութն ու ճապաղը, հաճկատար-ճապաղը մեզանից ավել մի բուռ ոսկի չստացավ, ապա խելք չունենալու ու ճապաղ-ծառայամիտ  մտքերի-արարքների պայմաններում, ո՞րն է լինելու նրանց դերն ու ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր արանքներում ու մեր մեջ: Ի՞նչ է լինելու նրանց վիճակը անխելք իրենց հալով առանց նյութականի մեր արանքներում ու մեր մեջ: Եվ Աստված ճապաղ-ուղեղներին սուր լեզու ու ստորաքարշ-անդեմ-վախկոտ կերպարով կերպավորել ու փոքրի՜կ-փոքրիկ եւ մե՜ծ-մեծ իշխանություններով է օծել ու օժտել ու զորել: Ու, եթե Աստված սրանց այդ առավելությունը չտար, ապա ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր մեջ ու մեր արանքներում առանց ճտվտան-«տակից դուրս եկող» սուր լեզվի ու առանց անամոթ-անաբուռ ստորաքարշության: Ի՞նչ է լինելու նրանց վիճակը մեր մեջ ու մեր արանքներում: Եւ պառավն ասաց`  եւ բութերն ու ճապաղներն ու ստորաքարշները  երկրիս վրա՝ առիթն ու պատճառն են, նրանք երկրիս վրա առիթն ու պատճառն են նույն Աստծո ազնիվների-մաքուրների ճակատագրի խեղման համար: Նրանք, էս կարճ կյանքում, իրենց բութ-նեղմիտի կարճամտությամբ շատ հաջողորեն կարողանում են էս կյանքի մի շարք լուսապայծառների կյանքի խեղման ու ճակատագրի խեղման պատճառն ու առիթը  լինել ու դառնալ: Կարողանում են: Նրանք իրենց բթությամբ հանդերձ, սակայն` կարողանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930